Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և օգտագործել է վարչական ռեսուրսը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ իշխանության օրոք վարչապետը մինչև ժամը 18:00 քարոզչության չի զբաղվել: 

«Նիկոլ Փաշինյանը, կներեք, «ափաշքյարա» խախտում է Ընտրական օրենսգիրքն արդեն առաջին իսկ օրվանից, ավելին՝ սա միակ խախտումը չէ»,- նշեց նա:

 

Նա նշեց, որ Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ հսկել են, մոտեցել իրենց աջակիցներին, նախընտրական ենթաշտաբի պետ իր ընկերոջը, և ասել, որ այլևս չգա, եթե չի ուզում աշխատանքից զրկվել: Ապա ավելացրեց, որ ինքը կհետևի ԿԸՀ-ի արձագանքին։

Նրա խոսքով՝ զավեշտալի է, երբ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում էր ԿԸՀ և Վիճակագրական ծառայության ղեկավարներին, բայց հիմա երկուսին էլ պահում է. «Կամ ժամանակին էր սուտ խոսում և էդ մարդիկ նկարիչ չեն, քանդակագործ չեն, մանրանկարիչ չեն… Ինչո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի այս ճակատագրական շրջադարձի իմաստը, երբ այդ մարդկանց ինչ ասես այս բեմից չէր ասում: Ինչո՞ւ ես պահել այդ մարդկանց, եթե նկարիչ են: Թե՞ չենք նկարել, պարզապես հիմա՞ ես հասկացել, որ չենք նկարել, այսինքն՝ ասա, որ այն ժամանակ սուտ ես ասել, կամ սխալվել ես: Թե՞ քեզ էլ է պետք նկարել հիմա»,- նկատեց Աշոտյանը: