ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  ռուս գործընկերների առջև պահանջ է դրվել պարբերաբար տեղեկություն տրամադրել Ամասիայի Գետաշեն գյուղի բնակիչ, տրակտորիստ Գոռ Կարապետյանի տրակտորի գողության գործի ընթացքի  մասին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի պատասխանատու Սամսոն Գալստյանը:

Նրա փոխանցմամբ՝ դեպքը  տեղի է ունեցել հայ-թուրքական սահմանին, որը միջպետական պայմանագրի համաձայն պահպանվում է ՌԴ ԴԱԾ սահմանապահ  վարչության կողմից, ովքեր էլ դեպքի մասին անմիջապես  տեղյակ են պահել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին:

 

«Փաստի առթիվ Շիրակի մարզային ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ,  ըստ ռուսական կողմի հաղորդման՝  քրեական գործ է  հարուցվել նաև Թուրքիայում»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի պատասխանատու Սամսոն Գալստյանը: 

Հիշեցնենք, որ Ամասիայի Գետաշեն գյուղի 61-ամյա բնակիչ, տրակտորիստ Գոռ Կարապետյանը գյուղի տրակտորով (МТЗ-82) ու իր հակավորման սարքով (Կիրգիզիա) ինչպես ամեն տարի, պատշաճ թույլտվությամբ եւ անցաթղթով անցակետում հատել է հայ-թուրքական սահմանի ցանկապատը, սահմանապահ ուղեկալում գրանցվել է, եւ սկսել է խոտհարքում խոտի հունձը, տեխնիկան մի քանի շաբաթ մնացել է ուղեկալի մոտ, ինքը գնացել, եկել է գյուղ, ամեն անգամ տեխնիկան հանդից չի բերել, տարել գյուղ: Սեմպտեմբեր ամսվա ընթացքում հունձ է արել: Սեպտեմբերի 30-ին թողել է տրակտորն ու հակավորման սարքը ուղեկալից 1500 մ հեռավորության վրա, մյուս օրը գնացել, տեսել է՝ չկա:

Բնակչի խոսքով՝ սահմանապահներին տեղեկացրել է, թե գողացել են իր տրակտորը, իսկ հետքերը տանում են դեպի Թուրքիա:

Արմինե Միքայելյան