«2014թ Սերժ Սարգսյանի հետ ունեցած անհամաձայնության պատճառով ես դուրս եկա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, թիմս ևս դուրս եկավ քաղաքական միավորից ու արդեն հինգ տարի է պաշտպանում ենք մեր հասարակության շահերն ու առաջարկում այլընտրանքային դիրքորոշումներ»,- այս մասին այսօր հրավիրված համաժողովի ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ նախորդ տարի իրենց՝ ԱԺ չհայտնվելու գլխավոր մեղավորը Սերժ Սարգսյանն է եղել։
Բաղդասարյանն ինչպես նախորդ ելույթներում, այս անգամ ևս կրկնեց, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ապրիլին տեղի ունեցած հեղափոխությանը։ Չնայած սրան, Բաղդասարյանը պնդում է, որ ուսումնասիրելով այս 7 ամիսները, որոշել է մասնակցել ընտրություններին, քանի որ չի տեսնում Հայաստանի առաջխաղացմանը նպաստող ծրագրեր, այլ տեսնում է միայն իրավիճակային կիսատ լուծումներ։
«Չենք տեսնում երկրի ռազմավարական զարգացման տեսլական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, տեսնում ենք օրեցօր աճող մարտահրավերներ ու սպառնացող ելույթներ Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև չունենք արտաքին քաղաքականության ոլորտում առաջխաղացում։ Գնալով աճում է լարվածությունը Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Իրանի հետ»,- մանրամասնեց Բաղդասարյանը` հավելելով, որ տեսնում է ներդրումների նվազում, ավելին՝ բացակայություն։
Արթուր Բաղդասարյանը նշեց նաև, որ ՕԵԿ-ն ունի բավարար խելք ու փորձ մրցունակ ծրագրեր ներկայացնելու համար։