Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությանը: Համաերևանյան քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չպետք է լինեն: «Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ինչ-որ նպատակի հասնելու միջոց: Այնտեղ, որտեղ մեզ անհրաժեշտ լինի կիրառել այդ միջոցը, կկիրառենք նաև դա»,- նշեց Փաշինյանը:
Հարցին՝ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվո՞ւմ է պահել կառավարման խորհրդարանական համակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, այս պահին ես դա փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:
Իսկ դիտարկմանը, թե նախկինում «Ելք» խմբակցությունը քննադատում էր գործող համակարգը՝ անվանելով այն սուպերվարչապետական համակարգ՝ Փաշինյանն ընդգծեց, որ արդեն ասել է, որ պետք է ձևավորվի իրական խորհրդարանական կառավարման համակարգ:
Անդրադառնալով իր լիազորությունների կրճատման հնարավորության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետի և խորհրդարանի լիազորությունների հավասարակշռություն պետք է լինի, սակայն դա պետք է այնպես անել, որպեսզի իշխանության կառուցվածքը չխարխլվի: