ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ' Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով' ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:
Վերը նշված փաստական տվյալների համաձայն' Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների (գույքի) հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: