Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգման համար կպահանջվի շուրջ 600 միլիոն դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Սեւանից Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասեր տանող ճանապարհի երկարությունը կազմում է 5,8 կիլոմետր: Ճանապարհը նորոգման չի ենթարկվել ավելի քան 3 տասնամյակ ու դժվարանցանելի վիճակ է ստեղծում տրանսպորտային երթեւեկության համար:


«Ճանապարհի հիմնանորոգման համար, նախնական գնահատումներով, կպահանջվի շուրջ 600 միլիոն դրամ: Ճանապարհի հիմնանորոգումը խիստ առաջնահերթ խնդիր է թե քաղաքային, թե մարզային իշխանությունների համար: Ինչպես վերջերս Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում հավաստել է ՀՀ կապի, տրանսպորտի եւ ՏՏ զարգացման նախարար Հակոբ Արշակյանը, այս ճանապարհը կհիմնանորոգվի 2019 թվականի ընթացքում, նախարարության տնտեսված միջոցների հաշվին:

Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը գրեթե ամբողջովին քայքայված է, շահագործվում է մեծ դժվարությամբ: Հուսանք, որ եկող տարի այստեղ կունենանք նորոգված ու բարեկարգ ճանապարհ»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան