«Խոշտանգում» հոդվածով 2018 թվականին եղել է մեկ քրեական գործով դատի տրված մեկ անձ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ներկայացնելով վիճակագրական որոշ տվյալներ՝ Դավթյանը շեշտեց, որ, մասնավորապես, 2018 թվականի ընթացքում արդեն իսկ եղել է խոշտանգման հոդվածով դատի տրված անձ:
«Միայն 2018 թվականի ընթացքում խոշտանգման հոդվածով արդեն իսկ ունեցել ենք դատի տրված անձ: Այս պահին 2 քրեական գործով 4 պաշտոնատար անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Նրա խոսքով՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2015 թ. հունիսի 9-ի օրենքով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 309.1 «Խոշտանգումը» վերտառությամբ հոդվածով:
«Այդ հոդվածով՝ խոշտանգման հանցակազմի իրավական ձևակերպումը փոփոխվել և ամբողջովին համապատասխանեցվել է կոնվենցիայի առաջին հոդվածին: Ընդ որում, գործող քրեադատավարական կարգավորումները խոշտանգման դեպքերի համար նախատեսում են հանրային մեղադրանքի ռեժիմ, այսինքն՝ քրեական գործ հարուցելու համար տուժողի բողոքը պարտադիր պայման չէ: Այդպիսի իրավակարգավորումը յուրաքանչյուր նման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևոր երաշխիք է»,- նշեց Դավթյանը։
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ նշված իրավակարգավորումները իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա են դրել պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը: