Չինաստանի իշխանությունները դադարեցրել են մարդու սաղմի գեների խմբագրմամբ զբաղվող գիտնականի գործունեությունը, հաղորդում է Хinhua-ը:

 

Գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ փորձարկումը, որի արդյունքում ծնվել են փոփոխված գենետիկ կոդով երկվորյակ աղջիկներ, խախտում է երկրի օրենքները, ցնցող և անընդունելի է, իսկ գիտնականի գործունեությունը համարել են իր բնույթով տգեղ և գիտական էթիկային հակասող:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովն ու Գիտության և տեխնոլոգիաների ասոցիացիան նույնպես մեղադրել են գիտնականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շենչժենի համալսարանի պրոֆեսոր Հե Ցզանկույուին հաջողվել է փոխել զույգ աղջիկների ԴՆԹ կոդը: Գիտնականն ասել էր, որ գենոմի խմբագրումից հետո նրանք իմունիտետ են ձեռք բերել ՄԻԱՎ-ի նկատմամբ: Բացի այդ, նա հավաստիացրել էր, որ շուտով արհեստականորեն ձևափոխված ԴՆԹ-ով ևս մեկ երեխա լույս աշխարհ կգա:

Սակայն, ՉԺՀ առողջապահության և պլանավորված ծննդաբերության պետական կոմիտեում ՄԻԱՎ-ից մարդկությանն ազատելու հնարավորության լուրն ուրախությամբ չեն ընդունել և հայտարարել են «գենոմոդիֆիկացված նորածինների» գործով հետաքննություն իրականացնելու մտադրության մասին:

Դրանից հետո Հոնկոնգում գենոմի խմբագրման հարցով համաշխարհային կոնֆերանսին պրոֆեսորը հայտարարել է փորձի ժամանակավոր դադարեցման մտադրության մասին: