Նոյեմբերի 29-ին, Արարատ հեռուստաընկերության եթերում, նախընտրական բանավեճ է տեղի ունեցել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքից՝ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի միջև:Պետք է նշել, որ Ռուբինյանի մոտ այնքան էլ չէր ստացվում դուրս գալ Աշոտյանի հարցերի պրեսինգի տակից, իսկ ընդդիմադիր Աշոտյանը առիթը բաց չթողեց սուր հարցերով փոխնախարարի համար անհարմար  իրավիճակ ստեղծելու առիթը՝ մասնավորապես՝ հարցնելով, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեկ գիշերվա ընթացքում ռուսատյաց Փաշինյանը դարձավ ռուսասեր վարչապետ Նիկոլ Փաշինյան: Արդարության համար, սակայն, նշենք, որ մեկ գիշերվա մեջ դիրքորոշում փոխելը բնորոշ էր նաև ՀՀԿ-ին, երբ ԵՄ հետ պայմանագիր կնքելու փոխարեն՝ Հայաստանը մտավ ԵԱՏՄ: 
 
Բանվեճի ընթացքում շոշափվեց արդեն կարծես թե մոռացության մատնված, «Իմ քայլի» կողմից ջանասիրաբար «ջրված» թեման՝ Սասուն Միքայելյանի՝ Արցախի վերաբերյալ արված սկանդալային հայտարարությունը: Թվում էր, թե այս բանավեճը փայլուն առիթ է, որպեսզի իշխանությունները փարատեն հասարակության այն հատվածի մտահոգությունները, թե Սասուն Միքայելյանի հանրահավաքում հնչեցրած միտքը ոչ թե սխալ մեկնաբանված և հասկացված հայտարարություն էր, այլ հեղափոխական թիմի հստակ ընդգծված քաղաքականությունը Արցախի հարցում:Բայց արի ու տես՝ երիտասարդ փոխնախարարն իր ավագ ընկերոջ խոսքերը սրբագրելու փոխարեն, կրկնել է գրեթե նույն շեշտադրումը՝ էլ ավելի խորացնելով հասարակության մեջ առաջացած տարակուսանքը: Ռուբինյանը, մասնավորապես, հայտարարել է՝ «Չեմ կարծում, որ Արցախյան ազատամարտը ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից, բայց հեղափոխությունը կարևոր էր նաև Արցախի կոնտեքստում: Փոխնախարարի փոխարեն նրա խոսքը փորձեց շտկել բանավեճը վարողը, սակայն թե՛ Ռուբինյանի ընդդիմախոսը, թե՛ բանավեճին հետևող մեր քաղաքացիները հասցրեցին ֆիքսել իշխանական թիմի՝ հերթական լեզվի սայթաքումը: Ռուբինյանի կողմից նման հայտարարությունը շատ ավելի մտահոգիչ է, քանի որ այն արդեն ոչ թե շարքային ՔՊ-ականի, այլ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության երկրորդ դեմքի մակարդակով է հնչեցվում: 
 
Իհարկե, հեղափոխական թիմը հիմա էլ կարող է հայտարարել, թե երիտասարդ փոխնախարարը հուզվել է, խառնվել և դրանով բացատրել հերթական՝ մեղմ ասած՝ անհաջող հայտարարությունը: Սակայն հենց հուզված ժամանակ էլ ջրի երես են դուրս գալիս էության մեջ ներծծված ու համոզմունք դարձած մտքերը: Բացի այդ, այս երիտասարդը պատահական մեկը չէ, այլ ԱԳ փոխնախարար, և եթե չունի դիվանագիտական հմտություններ և «տակ է տալիս» անգամ նախընտրական բանավեճը, և իր իսկ խոսքերը հետագայում աշխատացնում են իր դեմ՝ ինչպե՞ս կարող է միջազգային հարթակներում բանակցել։ Եվ անգամ եթե փոխնախարարը շփոթվել է, նրա պաշտոնն այն պաշտոնն է, որ խառնելը, ամենաքիչը՝ պետք է կոշտ պատասխանի հանդիպի` պաշտոն արժենա: Նա այն պաշտոնյան է, ով ներգրավված է լինելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններին: Այսպե՞ս է բանակցելու: Իսկ եթե հանկարծ խառնվի և Ալիևի մոտ հայտարարի, որ Հայաստանը պատրաստ է զիջումների գնա՞լ: Ի տարբերություն ՀՀԿ-ի, Ադրբեջանը շատ ավելի լուրջ դիվիդենտներ կքաղի նման դիլետանտիզմից: Կկարողանա՞ն արդյոք իշխանությունները մեզ համոզել , որ դա էլ է վրիպում, և նրանք բնավ էլ նման ծրագիր չեն ունեցել և չունեն…
 
Ստելլա Խաչատրյան