Մինչ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է անում հարվածել Ռուսաստանին, նաև տեղեկություններ են ստացվում, որ ուկրաինական բանակը շարունակում է հարձակողական գործողությունները մարտադաշտում, Ռուսաստանից ազդակներ են գալիս բանակցությունների վերսկսման մասին։
Մասնավորապես, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ուկրաինայի խորհրդարանին հրավիրել է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ ի՞նչ է սա նշանակում, կարելի՞ է ասել, որ Մոսկվան մեղմացնում է իր դիրքորոշումը՝ կապված մարտի դաշտում որոշակի անհաջողությունների հետ։
«Կարծում եմ, դա ոչ թե Մոսկվայի դիրքորոշման մեղմացում է, այլ այն, որ Ռուսաստանը Մատվիենկոյի շուրթերով փորձում է հասկացնել Ուկրաինային, որ բանակցություններ է նախաձեռնելու իր սեփական նախապայմաններով, որովհետև կին ղեկավարը հայտարարել է, թե քննարկելու են ոչ թե ՌԴ-ի մաս կազմած 4 շրջանների հարցը (որոնք Ուկրաինայի մաս են և դրանց անէքսիան ապօրինի է), այլ խաղաղության օրակարգը»։
Նման տեսակետ ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում հայտնեց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։
Նրա կարծիքով, Ռուսաստանի համար սա ամենից պատեհ ժամանակն է՝ խաղաղություն հաստատելու համար, քանի որ Մոսկվան ունի տարածքային որոշակի կորուստներ։
«Բայց դա դատապարտված է ձախողման, քանի որ Ուկրաինայում հրաշալի գիտակցում են այդ ամենի շարժառիթներն ու նպատակը, հետևապես, Կիևը չի համաձայնի այդ առաջարկին և չի բանակցի»,-ընդգծեց ուկրաինացի փորձագետը։
Արա Ալոյան