Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը «քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու մասին համաձայնության իրականացման գծով քայլերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։
«Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,- ասել է նա։- Նշվել է, որ, չնայած մեր թուրք գործընկերների ակտիվ, հետեևողական գործողություններին, այնուամենայնիվ, ոչ բոլոր ծայրահեղականներն են ենթարկվել ապառազմականացված 20-կիլոմետրանոց գոտին ազատելու պահանջին»։
«Համաձայնեցվել են հետագա քայլերը՝ ուղղված նման ապառազմականացված գոտու ստեղծման համաձայնության հարգմանը, բայց, միաժամանակ, միջոցներ ձեռնարկվեն, որ ծայրահեղականները փորձ չանեն սաբոտաժի ենթարկել այս կարևորագույն պայմանավորվածությունը, որը բոլորը ողջունել են»,- հավելել է Լավրովը։
2018 թվականի սեպտեմբերի 17-ին ՌԴ և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են մոտ հոկտեմբերի 15-ին Իդլիբում ստեղծել ապառազմականացված գոտի, որը 15-20 կմ կտարածվի Սիրիայի կառավարական և զինված ընդդիմության զորքերի շփման գծի երկայնքով։ Սակայն, Անկարան խնդրել է իրեն տալ լրացուցիչ ժամանակ և հետաձգել Սիրիայի այդ նահանգում համատեղ պարեկությունը՝ նշելով, որ անկարող է անվտանգության պայմաններ երաշխավորել իր կողմից։
Բուենոս Այրեսում հանդիպմանը Էրդողանն առաջարկել է Իդլիբի շուրջ իրավիճակի վերաբերյալ նոր համաժողով անցկացնել։