ՀԱՊԿ շուրջ ստեղծված իրավիճակը կարծես թե հանգուցալուծվում է: Համենայն դեպս՝ գտնվել է ժամանակավոր լուծում, որի հետ համաձայնել են բոլոր կողմերը: Դրա մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, թե ՌԴ նախագահի հետ վերջին հարցազրույցի ընթացքում վերջինս առաջարկել է, որ ամսի 6-ին ՀԱՊԿ գագաթնաժողովը չկայանա՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Այդ իրավիճակը կքննարկվի աշխատանքային կարգով, որպեսզի գտնվեն պատրաստի լուծումներ:
Ի՞նչ է տալիս Հայաստանին իրավիճակի նման հանգուցալուծումը: Իրականում նման սցենարի իրագործումը բխում է միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքական շահերից: Մի կողմից՝ Վլադիմիր Պուտինը պատժում է Փաշինյանին՝ Խաչատուրովի «ապուրը եփելու» համար, մյուս կողմից էլ՝ ցույց է տալիս Բելառուսին և Ղազախստանին, որ չի հանդուրժի ՀԱՊԿ-ում իր շահերին հակասող քայլերը: Կասկած անգամ չկա, որ 2019 թվականի սկզբին ՀԱՊԿ-ում Գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի ՌԴ ներկայացուցիչը, իսկ 2020 թվականին այս պաշտոնը ռոտացիոն կարգով կփոխանցվի Բելառուսին:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա, ըստ էության, առավելագույնը ինչին մենք կարողացանք հասնել այս ընթացքում՝ Հայաստանի համար անցանկալի որոշման կայացման հետաձգումն է: Դա առավելագույնն է, ինչին համաձայնեց գնալ ռուսական կողմը, այն էլ՝ նման քաղաքական ժեստը, պայմանավորված է Հայաստանում նախընտրական փուլով: Փաշինյանին հաջողվել է համոզել Պուտինին՝ ընտրությունների նախաշեմին զերծ մնալ իշխող քաղաքական ուժին նման հարված հասցնելուց: Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանին ժամանակ տվեց, սակայն կասկածից էլ վեր է, որ այդ տրամադրված ժամանակի դիմաց ընտրություններից հետո Հայաստանը ստիպված է լինելու որոշակի գին վճարել…
Ս.Խաչատրյան