Կրեմլը համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ձախողման և տարածաշրջանից Ռուսաստանի դուրսբերման մասին հայտարարությանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

«Ռուսաստանը բացարձակապես այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը հայրենասեր քաղաքացիներ են, որոնք արժանի ներդրում ունեն երկրի զարգացման գործում։

«Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում: Եվ մենք կշարունակենք խաղալ այդ դերը», - հայտարարել է Պեսկովը։

Կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր պետությունները հավատարիմ մնան 2020 թվականի եռակողմ համաձայնագրերին։

«Իհարկե, դրանից հետո տեղի ունեցան նոր իրադարձություններ, որոնք մի փոքր փոխեցին իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ կերպ սահմանափակել իր գործունեությունը»,- եզրափակել է Պեսկովը։