Օրեր շարունակ մամուլում տեղեկություններ են պտտվում, թե  ՀՀ նախագահի նախկին նստավայրը՝ Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության ընդունելությունների տան մասնաշենքը,  պատրաստվում են տրամադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին:

Տեղեկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, սակայն վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն։

«Տեղափոխման հետ կապված տեղեկություն չկա։ Դրա վերաբերյալ քննարկումներ ևս չեն եղել, ուստի ոչ հերքում եմ, ոչ էլ բացառում, քանի որ դրա համար հիմք պետք է ունենամ»,- պարզաբանեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Հարությունյանը վստահեցրեց՝ տեղափոխման հարց լինելու դեպքում, անպայման, թե՛ հասարակությանը, թե՛ լրատվամիջոցներին կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ Մաշտոցի 47-ում առայժմ տեղակայված է ՀՀ նախագահի նստավայրը։ Արմեն Սարգսյանի ընտրվելուց առաջ այս շենքը, որը նախկինում կառավարության ընդունելությունների տունն էր, վերանորոգվել, վերապրոֆիլավորվել էր ՀՀ նախագահական նստավայրի, սակայն որպես նախագահի նստավայր՝ աշխատասենյակների քանակի և շենքի օպտիմալության առումով հարմար չէր։

Սոնա Հարությունյան