«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2024 թվականը տհաճ անակնկալով սկսած, Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ դեկտեմբերի 19-ին անդրադարձել էր Արմեն Ղուլարյանի հայտարարագրին եւ կատարել էր համալիր վերլուծություն՝ հստակ ընդգծելով Ղուլարյանի ֆինանսական միջոցներում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկը։ Այդ հրապարակումից գրեթե 2 շաբաթ անց Ղուլարյանը սկանդալային կերպով ազատվեց աշխատանքից՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Արմավիրի եւ Լոռու մարզերի նորակառույց դպրոցներ այցի ժամանակ Փաշինյանն արձանագրել էր, որ դպրոցների կառուցումն արվել էր անորակ կերպով ու միաժամանակ' կասկածելի։ Օրինակ' 2000 դրամ արժեցող ցնցուղը գնվել էր 75 հազար դրամով։ Այս չարաշահման համար, կարծես, ոչ ոք չպատժվեց՝ բացի Ղուլարյանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Արմեն Ղուլարյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ 2021 եւ 2022 թվականների տարեկան հայտարարագրերի վերլուծություն։
Արդյունքները քննարկվել են Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել առերեւույթ անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում հայցելու Արմեն Ղուլարյանից եւ նրա ընտանիքի անդամներից. սակայն դեռեւս չկան պաշտոնական տվյալներ, թե ինչ պարզաբանում է ներկայացրել Ղուլարյանը ԿԿ հանձնաժողովին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։