«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվեց Եղիազար Վարդանյանը։ ArmLur.am-ը գրել էր, որ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն էր եւ այդ պաշտոնը լքել է Նիկոլ Փաշինյանի առաջարկով։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից. հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ հանդերձարանի կախիչը պոկեց, դժգոհեց, Քաղշին նախագահ Արմեն Ղուլարյանն էլ կռացավ, վերցրեց կախիչը, այնուհետեւ ազատվեց պաշտոնից: Եղիազար Վարդանյանի նշանակումը պատահական չէր. նա մինչ ռեկտոր լինելը լուրջ քաղաքաշինական գործունեությամբ է զբաղվել։ Մասնավորապես, նախկինում Վարդանյանը ունեցել է շինարարական ընկերություն եւ մասնակցել է յուղալի մրցույթների։ Վարդանյանը վայելում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորչությունը։

Հավելենք, որ արդեն նախկին ռեկտոր Եղիազար Վարդանյանը միջամտություն ունի նաեւ Ակադեմիական քաղաքի՝ կյանքի կոչման գործին։ Դեռ փետրվար ամսին կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին, որպես ռեկտոր, մասնակցել է Վարդանյանը եւ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը։ Վարդանյանն այս հանդիպման ընթացքում նշել է. «Կարող ենք արդեն ճշգրտությամբ ասել, թե որքան ջուր, ոռոգում, գազ, էլեկտրաէներգիա է պահանջվում: Արդեն կարող ենք այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»։

Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, անճարությունից է այս ընտրությունը կատարել՝ 3 ամիս անց համալսարանի ռեկտորին տեղափոխելով իր ենթակայության տակ գտնվող գերատեսչություն։ Մնում է տարակուսել՝ արդյոք Վարդանյանը կարդարացնի Փաշինյանի հույսերը»: