ԱԱԾ-ի կողմից երեկ ձերբակալված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում, նշելով, որ դրա պատճառն իր հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելն ու քննությունը ուշացված տանելն է:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ի նախագահ Խաչիկ Ասրյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք Եղիազարյանից նման արարք չեն սպասել ու չեն սպասում, ավելին՝ Ասրյանը շեշտեց, որ ըստ գործի ընթացքի՝ արդեն պարզ կլինի, թե իրենց կուսակցությունն ինչ քայլեր կձեռնարկի Եղիազարյանին օգնելու համար:

Մեր այն հարցին, թե Մհեր Եղիազարյանը որևէ կապ ունե՞ր Պաշտպանության նախարարության հետ՝ զինծառայողների առաջխաղացմանը նպաստելու համար, թե՞ նրան անհրաժեշտ էր պարզապես ունենալ բարձրաստիճան պաշտոնյա ընկերներ, Խաչիկ Ասրյանը պատասխանեց. «Բացառապես ոչ մի կապ չունի նա ՊՆ-ի հետ: Հնարավոր է, խոսք կարող է լինել մասնավոր գործողությունների մասին: Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել. չէի կարող տեղյակ լինել ու չկանխել»:

Ասրյանի խոսքով՝ Եղիազարյանի հետ շփումը բացառապես եղել է կուսակցության շրջանակներում և այդքանով սահմանափակվել է ամեն ինչ. «Իմ կարծիքով, սա միջանձնային խոսակցությունների շրջանակներում է եղել, ավել բան չեմ գտնում ասելու»,-ասաց Խաչիկ Ասրյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնել են, որ պարզվել է՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014 թ. փետրվարից մինչև 2018 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել է, կատար­վում է նախաքննություն:


Արմինե Միքայելյան