Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանիկյանքին ու ստեղծագործական գործունեությանը նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, հեղինակի սիմֆո-փոփ ժանրում արված գործերը կներկայացնեն երգիչներ Ռուբեն Հախվերդյանը, Սոնա Շահգելդյանը, Գոհար Հակոբյանը, Սիրանուշ Գասպարյանը, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, ֆլեյտահար Նարեկ Ավագյանը, այլք: Ելույթներ կունենան նաև քամանչահար Հակոբ Խալաթյանը, քանոնահար Նունե Դանիելյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, դհոլահար Կարեն Գևորգյանը, ջութակահարներ Կարմեն Թոսունյանը, Արամ Ասատրյանը և սաքսոֆոնահար Արթուր Եղիազարյանը:
Համերգին հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրը կկայանա դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Ես բազմաժանր կոմպոզիտոր եմ, գրում եմ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, էստրադային, ջազային և այլ ստեղծագործություններ: Բայց այս համերգին ներկայացվելու է իմ ստեղծագործական գործունեության միայն մեկ՝ սիմֆո-փոփ ուղղությունը: Այսինքն՝ հնչելու են ավելի հանրամատչելի գործեր, բայց հիմքում դասական, ակադեմիական երաժշտությունն է: Ընտրել եմ ստեղծագործություններ, որոնք սիրված են և արդեն կատարվել են»,-նշեց Զարիֆյանը:
Կոմպոզիտորը փաստում է՝ բացառիկ համերգ է լինելու, քանի որ շատ պրոֆեսիոնալ ուժեր են ներգրավված: «Շատ եմ գնահատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ իմ համատեղ աշխատանքը: Նրանց հետ համագործակցում եմ արդեն 20 տարի, շատ նախագծեր ենք միասին արել: Մաեստրո Թոփչյանը փայլուն դիրիժոր է, յուրահատուկ ձևով է մեկնաբանում իմ ստեղծագործությունները»,-ընդգծեց կոմպոզիտորը:
Նարինե Զարիֆյանը հեղինակել է ստեղծագործություններ գրեթե բոլոր երաժշտական գործիքների համար: Կոմպոզիտորի երաժշտությունը պահանջված է և անընդհատ հնչում է տարբեր անհատ կատարողների ու կոլեկտիվների մատուցմամբ: Այս առումով Զարիֆյանն իրեն երջանիկ է համարում, քանի որ իր ստեղծագործությունները մշտապես ներկայացվում են Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: