Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության ողջ անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանիգլխավորությամբ այցելել է Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի և իր խոնարհումը բերել Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Վրաստանում ՀՀ դեսպանության  «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Կատարվել է հոգեհանգստյան կարգ: Հոգևոր հայրը անդրադարձ է կատարել Հայաստանում աղետաբեր երկրաշարժի ավերածություններին, արժևորել աշխարհի տարբեր երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, առանձնահատուկ կարևորել եղբայրական Վրաստանի և վրաց ժողովրդիօգնությունը, որը հայ ժողովրդի կողմից երախտագիտությամբ է հիշվում»,-գրված է հաղորդագրության մեջ:

Դեսպան Սադոյանն իր ելույթում նշել է, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգությունը համախմբել է ողջ աշխարհի հայությանը, տասնյակ երկրների ու գործիչների։ Նա նշել է, որ անկախ նրանից, թե քանի տասնամյակ կանցնի, միևնույն է, հայ ժողովուրդը մշտապես մեծ ցավով է հիշելու այդ աղետալի իրադարձությունը և ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, ով նշել է, որ վրացի ժողովուրդը կիսում է իր հայ եղբայրների ցավը։