Անկախ նրանից՝ ով ինչ դիրքորոշում ունի, ամենավատ բանը, որ կարելի է անել այսօր, տանը նստելն է. պետք է գնալ և քվեարկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Ես այսօր քվեարկել եմ այն բանի համար, որ ոչ ոք չի կարող հասարկությանը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է ներքին թշնամու ձևավորմանը: Իսկ պաշարված բերդում՝ ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել: Մեզ պետք է ավելի ամուր, համախմբված, արագ տեմպերով զարգացող երկիր, իսկ մարտահրավերները շատ մեծ են»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենք երբևէ վարչական լծակների վրա հույս չեն դրել. «Այս ընտրություններում մենք ունեցել ենք քարոզչական մեծ պաշար, ակտիվ շփվել ենք ժողովրդի հետ»,-ասաց Սարգսյանը:
Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ քվեարկությունը կանցնի հանգիստ, քվեաթերթիկների հաշվարկը՝ թափանցիկ և առավոտյան կարթնանանք արդյուքներով, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: