Ընտրողները անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում հնարավորություն ունեն դրան փոխարինող տեղեկանք ստանալ հենց այսօր անձնագրային բաժնից: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
 
«Մեր ընտրողին հնարավորինս պետք է ուսուցանել քվեակարգը մինչ քվեարկության գնալը: Սա արդեն երկրորդ ԱԺ ընտրությունն է այս քվեակարգրով, սակայն վերջին 25 տարիների ավանդական քվեակարգի համեմատ մեծ փոփոխություն է կրել: Եվ ընտրողը պետք է իմանա, որ ստանալու է ոչ թե մեկ, այլ տասնմեկ քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է մեկ կուսակցության կամ դաշինքի: Տասնմեկից միայն մեկը կարելի է դնել ծրարի մեջ: Ընտրողը ամեն քվեաթերթիկի հետևում կտեսնի տարածքային թեկնածուների անուններ: Եթե ցանկանում է նրանցից մեկին ձայն տալ, ապա պետք է քվեարկի տվյալ թեկնածուի օգտին»,-ներկայացրեց Սմբատյանը:
 
Ընտրողը քվեարկության պետք է գնա անձը հաստատող երեք փաստաթղթերից մեկով: Սակայն դա պետք է լինի վավերականության ժամկետի մեջ: Սմբատյանի խոսքով` եթե ընտրողը չունի վավերականության մեջ փաստաթուղթ, ապա նրան հնարավորություն կտրվի նաև քվեարկել այն փաստաթղթով, որի ժամկետն ավարտվել է: «Եթե ընտրողը կորցրել է անձը հաստատող փաստաթուղթը, ապա դրան փոխարինող տեղեկանք կարող է վերցնել անձնագրային բաժնից: Այսօր աշխատում են բոլոր անձնագրային բաժինները»,-նշեց Սմբատյանը:
 
Ընտրողը գրանցվում է անձը հաստատող փաստաթղթով նույնականացման սարքի մոտ աշխատող մասնագետի միջոցով: Ընտրողը պետք է աշխատակցին տա իր անձը հաստատող փաստաթուղթը, աշխատողը պարզում է` փաստաթուղթը տվյալ ընտրողինն է, թե ոչ: Եթե ընտրողն այդ տեղամասի ընտրող է, ապա ընթերցելուց հետո նրա տվյալները հայտնվում են սարքի վրա: Տվյալների բազայում առկա են այն ընտրողների ցուցակները, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ են ունեցել 2007 թվականից հետո: Մինչ այդ ձեռք բերած անձնագրի նկարները չեն էլեկտրոնայնացվել:
 
Սմբատյանի խոսքով` դրանից հետո ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը: Քվեարկության կտրոնը շատ կարևոր փաստաթուղթ է: Քվեարկության կտրոնն այդ պահին, ըստ էության, փոխարինում է նրա անձը հաստատող փաստաթղթին, և այն հնարավոր չէ փոխարինել: Եթե ընտրողն այն կորցնի, ապա կզրկվի քվեարկելու հնարավորությունից:
 
Սմբատյանը հիշեցրեց նաև, որ քվեաթերթիկը մինչ ինքնասոսնձվող դրոշմանիշի փակցնելը չի համարվում ընտրական փաստաթուղթ: Նա շեշտեց, որ ԿԸՀ-ն հանդես է եկել մեծ իրազեկման ակցիայով, թե ինչպես պետք է գնալ քվեարկության և ինչ անել:
 
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: