«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի լիարժեք օգտագործի իր հնարավորությունները երկրի զարգացման, հզորացման, ժողովրդի բարեկեցության համար: Այս մասին նա ասաց Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկությունից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
 
Հարցին, թե ինչու է սեփականատեր լինելով որոշել մտնել խորհրդարան ու զբաղվել քաղաքականությամբ՝ Ծառուկյանն ասաց. «Այսօր աշխարհի ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, ովքեր ոչ պաշտոնի կարիք ունեն, ոչ փողի: Նրանք սիրում են իրենց հայրենիքը, և ուզում են լավ բան անել»: Որպես նման հաջողակ քաղաքական գործիչ՝ նա օրինակ բերեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
 
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք ԲՀԿ առաջնորդը հաջողակ քաղաքական գործիչ է համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին՝ Ծառուկյանը նշեց. «Ողջ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է, նրա կողքին կանգնած է: Մնացածը կախված է տնտեսական հեղափոխությունից»:
 
Նա հրաժարվեց որևէ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ՝ ասելով. «Բոլորն այս երկրում օրենքի առաջ հավասար են: Կճշտվի, կասեն, եթե արդար է, կարդարացնեն, մեղավոր է՝ կպատժվի: Կան իրավապահ մարմիններ, որոնք քննություն են տանում»: