Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քաղաքական ուժերի քարոզարշավը անցել է ինտենսիվ պայմաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` ընդգծելով, որ այդ ինտեսիվությունը աչքի էր ընկնում փորձերով` ներկայացնելու ծրագրային դրույթները, իսկ որոշ իմաստով ծրագրային և PR տեխնոլոգիաների միքս էին, որոնք դրսևորված են եղել ոչ միայն հայտնի բաժանումների մեջ, այլ նաև պիտակավորումների տեսքով:
«Քարոզաշարավը իր մեջ պարունակում էր ինչպես քննադատություն, այնպես էլ բանական քննարկում, բայց բոլոր դեպքերում դա եղել է ինտենսիվ ագրեսիվության բաղադրիչներով և ծրագրային քննարկումների ցանկություններով»,- ասաց քաղաքագետը:
Մարկարովի խոսքով` այս ընտրությունների ժամանակ առկա է եղել և երևում էր անմիջապես այն քաղաքական ուժը , որի ղեկավարը վայելում է տվյալ պահին բավականին բարձր լեգիտիմություն, ինչի դրսևորումը երևում էր սոցհարցումների տեսքով: Քաղաքագետը կարծում է, որ տվյալ դեպքում «Իմ քայլը» դաշինքը վարչական լծակների օգտագործման կարիք չուներ:
«Այն քաղաքական ուժը, որը իշխանության մեջ էր մեծամասամբ դրա կարիքը չուներ : Իրենց օգտին աշխատում էր վերջին 6 ամսվա գործընթացը, որը տեղի էր ունենում Հայաստանում և համապատասխանորեն այս գործընթացի արդյունքում իշխանության հասած քաղաքական ուժը, ըստ էության, ձգտում էր լրացնել գործադիր իշխանության մեջ իրենց առկայությունը նաև խորհրդարանական մեծամասնությամբ»,- նշեց քաղաքագետը:
Ըստ քաղաքագետի տարբեր ծրագրեր, որոնք հնչեցված են եղել քարոզարշավի ժամանակ պետք է գտնեն իրենց տեղը քաղաքականության մեջ , որովհետև քաղաքացին պահանջում է հստակ գործողություն:
« Քաղաքացին, ով մասնակցել է կամ նույնիսկ չի մասնակցել ընտրություններին, սպասում է, և եթե այդ սպասումները չեն արդարանալու, այդ քաղաքացին հաջորդ ընտրություններին կարող է կայացնել այլ որոշում»,- եզրափակեց Մարկարովը: