«Ազգային առաջընթաց» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ սպասում էր ավելի շատ ձայն ստանալ:
Ամփոփելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, «Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը և «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Փայտյանը սկզբում շնորհավորեցին «Իմ քայլը» դաշինքին՝ հաղթանակի կապակցությամբ:
Անդրադառնալով ընտրություններից իրենց ակնկալիքներին՝ կուսակցության մամուլի խոսնակն ընդգծեց, որ մինչ դեկտեմբերի 9-ն իրենք չեն ասել, թե որքան ակնկալիք ունեն հանրությունից:
«Մարզեր այցելությունների ժամանակ՝ խոսելով ժողովրդի հետ, մենք մոտավոր պատկեր էինք կազմել, թե որքան է մեր ճանաչելիությունն ու մեր հանդեպ համակրանքը՝ այդքան էլ ձայն կստանայինք: Մեր ակնկալիքներն ավելի մեծ էին: Մենք 4000-ից ավելի ձայն ենք ունեցել և շնորհակալ ենք մեզ հավատացող անձանց»,- նշեց Գրիգորյանը:
Վերջինս ընդգծեց, որ իրենք, որպես արտախորհրդարանական ուժ, շարունակելու են իրենց գործունեությունը, հետևելու են զարգացումներին:
«Մենք քայլեր ունենք, որոնք պետք է իրականացնենք, օրինակ՝ օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներ ունենք և, հավանաբար, կփորձենք աշխատել «Իմ քայլը» դաշինքի հետ և իրենց միջոցով ներկայացնել հանրությանը»,- նշեց Հայկ Գրիգորյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Փայտյանն էլ շեշտեց, որ ինքը սպասելիքներ ունի «Իմ քայլը» դաշինքից՝ կապված երկրում բարեփոխումների հետ:
«Որպես խորհրդարանից դուրս մնացած ուժ, բացի ծրագրում առկա կետերից, ունենք նաև այլ քայլեր, որոնք պատրաստվում ենք իրականացնել»,- ասաց Փայտյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն: