«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարեւոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։
Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն բազա է պետք դրա համար, ինչն այս պահին չկա՝ պնդել են բողոքարկմանը դեմ ՀՀԿ-ականները։ Բողոքարկելու հիմնական ջատագովներից է եղել ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որը պնդել է, որ տարածքային մի շարք կառույցներից այլ արդյունքներ են ստացել, եւ հնարավոր է մնացյալ տեղերում եւս այդ վիճակը լինի։ Մյուսներն էլ ասել են, որ եթե անգամ երկաթյա ապացույցներ չկան, միեւնույն է, պետք է բողոքարկել, որպեսզի հետագայում որեւէ մեկի կողմից չասվի, թե իրենք այս ընտրությունների արդյունքները ճանաչել են, ինչպես վարվել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ չդիմելով։
Հիշեցնենք, որ բողոքարկումները պետք է լինեն մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների հրապարակումը, որը կլինի ամսի 16-ին։ Այդ դեպքում արդեն նոր պառլամենտն իր անդրանիկ նիստը կհրավիրի դեկտեմբերի 24-ին։ «Իսկ եթե քաղաքական ուժերից որեւէ մեկը բողոքարկի, ապա նիստը կտեղափոխվի արդեն հունվար»,- տեղեկացրեց մեր աղբյուրը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում