Խուլիգանություն կատարելու և կողոպուտի համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը (մականուը՝ Սերժուլիկ,-խմբ) գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Վահե Դանիելյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը․ «Սերժ Վարդանյանի նկատմամբ թույլատրելի ճանաչվեց 2 մլն դրամ գրավը, որը վճարել են հարազատները»,-ասաց փաստաբանը

Նշենք՝ Սերժ Վարդանյանի առնչությամբ դատարանում քննվում է երկու քրեական գործ․ մեկը 2017թ․ «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության և կողոպուտի դեպքով, երբ Վարդանյանը Երևանի Հր.Քոչար փողոցում կայանված, տուժողի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան: 

Վարդանյանը կալանավորվել էր և այսօր ազատ է արձակվել հենց այս գործով:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 26-ին, երբ մի խումբ երիտասարդներ «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում, իրենց անձի թվացյալ առավելությունն ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունքունք են դրսևորել ռեստորանում գտնվող մարդկանց նկատմամբ։ Վիճաբանել են, սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, այնուհետև բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։

Հիշեցնենք՝ կալանավորված է նաև Սերժ Վարդանյանի եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է 2018թ․ հունվարի 8-ին, ճանապարհային երթեևեկության կանոնները խախտելու հետևանքով վթար ստեղծելու, երկու` ՃՈ աշխատակցի կյանքը խլելու և պատահարի վայրը լքելու մեջ։

Սոնա Հարությունյան