«Հայ հեղափոխական դաշնակցություն»-ն այս ընտրություններում, չնայած որոշ կանխատեսումների, ձայների հաշվարկի ժամանակ պահպանում էր ինտրիգը և հայտնվել էր ֆավորիտ կուսակցությունների կողքին: Թվում էր, թե կայուն ընտրազանգվածով հայտնի այս կուսակցությունը կարող է այս անգամ էլ հայտնվել 7-րդ գումարման ԱԺ-ում, սակայն կուսակցությունը չհավաքեց բավարար 5% ձայները և չանցավ խորհրդարան` հավաքելով ընդամենը 48 822 ձայն կամ 3.89%:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ իրենք ակնկալում էին ավելի լավ արդյունքներ:
Ձախողման պատճառը, Համբարձումյանի կարծիքով, հասարակության էյֆորիկ տրամադրվածությունն է. «Ակնհայտ է ընտրությունների ժամանակ էյֆորիկ տրամադրությունը ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, և քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածը շատ կարճ էր` ամբողջ ծավալով կազմակերպչական և քարոզչական աշխատանքները իրականացնելու համար: Մեր գնահատմամբ՝ եթե մի քիչ ավելի երկար ժամանակ լիներ նախընտրական քարոզարշավի համար և ընթացիկ կազմակերպչական խնդիրների համար, մենք ավելի լավ արդյունքներ կարող էինք արձանագրել»:
Հարցին` ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն, արդյո՞ք կմնա քաղաքականությունում, ԳՄ անդամը չցանկացավ մանրամասնել, միայն նշեց. «ՀՅԴ-ն, անշուշտ, կլինի արտախորհրդարանական ընդդիմություն: ՀՅԴ-ի պարագայում խորհրդարանում լինել-չլինելով չի պայմանավորված Դաշնակցության քաղաքական գործունեությունը»:
Անդրադառնալով մամուլում տարածված խոսակցություններին, թե ՀՅԴ-ի ներսում խժդժություններ են՝ պայմանավորված Հրանտ Մարգարյանին փոխելու պահնաջով, Համբարձումյանն ասաց, որ ՀՅԴ-ի ներսում նման խոսակցություններ չկան, և Հրանտ Մարգարյանին փոխելու պահանջը չի համապատասխանում իրականությանը. «Որևէ նման խոսակցություն չկա, լրատվամիջոցով պետք չէ ենթադրություններ անել»:
Նշենք, որ ՀՅԴ-ն ընտրություններից հետո հայտարարություն էր տարածել` տալով իր գնահատականը արտահերթ խորհդրանական ընտրություններին, մասնավորապես, նշելով.
«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների:
Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը.
Ա. Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,
Բ. Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման,
Գ. Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից,
Դ. Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում,
Ե.Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»:
Արմինե Արմենակյան