Գյումրու Սլաբոտկա թաղամասում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած դաժան սպանության կասկածանքով ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող է ձերբակալվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության լրատվական և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Խաչատրյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նշելով, որ կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ այսօր ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադարձել էր թեմային, մանրամասնելով, որ գյումրեցու մահվան դեպքը Սլաբոտկա թաղամասի բնակիչները հենց ռուս զինծառայողի հետ են կապում: 

Ավելին՝ որոշ ականատեսներ նշում են, որ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկած տղամարդն առավել նման է մոլագարի, որն առանձնակի դաժանությամբ շշով կնոջ դեմքին հարվածելով, վերջինիս հասցրել է մահվան: 

Հիշեցնենք, որ մահացած  կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում, որպես փողոցի մաքրուհի։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Հիշեցնենք նաև, որ Գյումրիում առանձնակի դաժանությամբ սպանության 2-րդ դեպքն է սա ռուս զինծառայողի ենթադրյալ մասնակցությամբ. 2015թ. Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունը Գյումրիում, նույնպես ռուս զինծառայողի ձեռքի գործ էր: