Յոթերորդ գումարման Ազգային ժողովի 1-ին նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին, եթե իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարան չբողոքարկվի։ Այդ ժամանակ պետք է ձևավորվեն Ազգային ժողովի մարմինները, այնուհետև խորհրդարանը պետք է ընտրի վարչապետ, որն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին։
Այնուհետև, վարչապետի նշանակումից 20 օր հետո, Կառավարությունը պետք է ներկայացնի իր ծրագիրը։
7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորների թիվը 132-ն է։ Նոր ԱԺ-ի առաջին նիստը, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 33-րդ հոդվածի, բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը:
Ի դեպ, նկատենք, որ 2017-ին ձևավորված 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը վարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որը 73 տարեկան է: Նոր խորհրդարանում վերջինս ընտրվել է «Իմ քայլը» դաշինքով, և կրկին ամենատարեց պատգամավորն է: Ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կվարի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։
Նշենք, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսքի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որից հետո պատգամավորները երդվում են:
Առաջին նիստում նախատեսվում է ընտրվել ԱԺ նախագահ, երեք փոխնախագահներ, մշտական հանձնաժողովների նախագահներ: