ՀՀ կառավարությունը կենտրոնական բանկի հետ աշխատում է ուսանողական վարկերի տոկոսների նվազեցման ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն: Հիմա առաջարկություն կա ԿԲ-ի կողմից, որը ես մակագրել եմ Ֆինանսների նախարարություն: Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի, բայց, ընդհանուր առմամբ, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: