«Փաստ» թերթը գրում է.
«Է. Սահակյանը, «Փաստի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու երկրների միջեւ կնքված համաձայնագրերով ռուսական կողմն է որոշում, թե Հայաստանի սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Այս դեպքում բնական հարց է ծագում, թե Ռուսաստանն իրականում ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանի ներսում ձեւավորվող գների հետ, քանի որ այն ցանկացած երկրի ներքին գործն է: Բայց պարզվում է, որ հայկական կողմի թուլության պատճառով հիմա ազգովի հայտնվել ենք ռուսական աքցանի մեջ:
«Փաստորեն համաձայնագրերով թելադրվում է Հայաստանին, թե սպառողին մատակարարվող գազի սակագինն ինչ մեծություն պետք է ունենա: Ես համարում եմ, որ նման մոտեցումը միջպետական հարաբերությունների պարագայում նոնսենս է, քանի որ որեւէ երկիր իրավունք չունի այլ երկրի թելադրել, թե իր երկրի ներսում գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինն ինչքան պետք է լինի: Մատակարարող երկիրը կարող է միայն իր կողմից մատակարարվող գազի սակագինը սահմանել, բայց այլ պետության ներքին գործերին խառնվելու իրավունք չունի: Ես կարծում եմ, որ այս հարցում, ի դեմս Հայաստանի կառավարության, 2013 թ.–ին մեծ վրիպում է թույլ տրվել»,– ասաց Է. Սահակյանը:
Հիշեցնենք, որ 2013–ին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է եղել: Եվ փաստորեն նրա մասնակցությամբ կամ առնվազն գիտությամբ են այդ համաձայնագրերը կնքվել: Եվ չնայած Ռուսաստանը հայկական էներգետիկ համակարգում մեծ ծավալի մասնակցություն ունի, այդ թվում 100 տոկոսով տիրապետում է ողջ գազամատակարարման համակարգին, սակայն այդ պարագայում անգամ չի կարող այլ երկրի տարածքում կառավարության համաձայնությամբ սահմանել ո՛չ դրա շահագործման կարգը, ո՛չ էլ ներքին սակագինը: «Բնական է, որ Ռուսաստանը պետք է ցանկություն ունենա իրեն պատկանող սեփականությունն այնպես շահագործել, որ առավելագույն շահ ստանա, իսկ Հայաստանը պետք է կարողանա ընդդիմանալ այդ ցանկություններին, ինչը, ցավոք, չի արել: Եվ այդ պատճառով է, որ այնպիսի բովանդակությամբ համաձայնագրեր են կնքվել, որոնք առնվազն կարելի է արտառոց համարել: Եվ ես խորհուրդ կտամ մեր իշխանություններին պարզել, թե ովքեր են մասնակցել այս բանակցություններին եւ ովքեր են նման համաձայնագրեր կնքել»,– ասաց Է. Սահակյանը:
Համաձայնագրերում նախապայմաններ նույնպես կան, որոնցից մեկով, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Նման լծակներով ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Օրենբուրգում բարձրացնել գազի սակագինը եւ դրանով Հայաստանին պարտադրել նույնն իրականացնել: «Սա ճնշում գործադրելու լծակ է, որն ամեն պահի կարող է օգտագործվել: Մյուս լծակը գազի ջերմարարության, այլ կերպ ասած՝ գազի կալորիականության հարցն է: Այսինքն, գազի մատակարարման պայմանագրում նշված է, թե տվյալ արժեքով ինչ կալորիականության գազ պետք է մատակարարվի: Եվ եթե կալորիականությունը փոխվում է, ապա գազի մատակարարման գինն էլ պետք է փոխվի: Ի դեպ, գազի կալորիականությունը սահմանված է 1 խորհանարդ մետրի համար 7900 կիլոկալորիա, որը նվազագույն ցուցանիշն է: Դրանից ցածր պարզապես չի լինում:
Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի կալորիականությունը, սակայն, տատանվում է մինչեւ 8600: Այսինքն, վաճառվող բնական գազի սակագնի՝ ռուսական կողմի ներկայացված վերահաշվարկի ընթացքում գազի սակագինն աճում է 7–10 %–ով: Դա քիչ գումար չէ: Փաստորեն ստացվում է, որ անգամ պայմանագրերով սահմանված սակագինն իրական թիվ չէ, այլ շինծու մի թիվ է, քանի որ վերահաշվարկի ժամանակ մատակարարվող գազի գինն աճում է, որովհետեւ Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը կախվածության մեջ է գազի կալորիականությունից: Դա աննորմալ մոտեցում է, քանի որ գազի օգտագործման արդյունավետությունը կախված է գազի որակի հաստատուն լինելուց: Այսինքն, կարեւոր է կայուն եւ հաստատուն որակի գազ մատակարարելը, եւ այն հարկավոր է նախապես հստակ սահմանել, ոչ թե մի բան սահմանել, բայց մեկ այլ բան անել եւ արհեստականորեն գին բարձրացնել»,– ասաց Է.Սահակյանը:
Փորձագետի կարծիքով, բանակցող կողմերի ոչ կոմպետենտ լինելու պատճառով է Հայաստանը հայտնվել նման իրավիճակում: Եվ հիմա կտրուկ քայլեր անելը կհանգեցնի երկու երկրների միջեւ լարվածության: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ ճնշում գործադրել պետք չէ: «Իրավիճակը բարդ է, բայց մեր կողմից բանակցողները պետք է այնքան գիտակցություն եւ գրագիտություն ունենան, որ ռուսական կողմին տեխնիկապես ստիպեն, որպեսզի այսօրինակ հարցերը ճիշտ լուծումներ ստանան»,– ասաց Է. Սահակյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում