Ինչպես հիշում ենք, այս տարվա հոկտեմբերին Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են կայացել հանրապետության 4 քաղաքներում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում: Ընտրությունների արդյունքով նշված քաղաքներից երեքում՝ բացառությամբ Կապանի, քաղաքապետ ընտրվեցին ՔՊ-ականները և Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ում իշխող քաղաքական ուժը այդպես էլ բացահայտ չաջակցեց:
Շատ քիչ է մնացել, որպեսզի լրանա նորընտիր քաղաքապետերի 100 օրը, որը ինչպես գիտենք հանրության առջև արած և չարած աշխատանքի համար հաշվետու լինելու սահմանագիծն է: Թվում է, թե այս ժամանակահատվածը ազգի ընտրյալները պետք է օգտագործեին, օրինակ, նոր ներդրողներ ներգրավելու համար, քանի որ ներդրումների խնդիրը շատ ավելի ակնհատ է և ցավոտ՝ հենց մարզկենտրոններում: Իսկ եթե չկան ներդրումներ, ապա առնվազն պետք է ականատես լինեինք նախորդների կոռուպցիոն սխեմաների ջրի երես դուրս գալուն, չէ որ նախընտրական շրջանում մեզ հավաստիացնում էին, որ հանրապետական քաղաքապետերը ոչ ավել ոչ պակաս կոռուպցիոն որջերի էին վերածել քաղաքապետարանները: Բայց արի ու տես, որ կոռուպցիոն որջերից անգամ մեկ քրեական գործ քամել չստացվեց, ավելին, նորընտիր քաղաքապետերը չեն էլ թաքցնում, որ բավական լավ ժառանգություն են ստացել նախորդներից, մնում է այն չմսխել:
Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնական կայքեջը ավելի շատ գովազդում է նորընտիր քաղաքապետի թրենդային գործելաոճը, քան թե՝ ներկայացնում է գործերը: Կարող ենք հանդիպել «գործնական մոտեցում` առկա խնդիրներին», «սրտացավությունն ու պատասխանատվությունը` ճիշտ գործելակերպ» վերնագրերով պաթոսախառն նյութերի, որտեղ հրազդանցիներին փորձում են համոզել, որ վերջիններս բախտը բերել է՝ քաղաքը վստահելի ձեռքերում է: Իսկ այնշ թե ինչ գործնական քայլեր են արել վստահելի ձեռքերը՝ պարզ չէ:
Էջմիածնի քաղաքապետարանի կայքը նոր քաղաքապետի ընտրվելուց հետո ավելի շատ հայտարարությունների օնլայն հարթակ է հիշեցնում: Հպանցիկ հայացքը անգամ հերիք է հասկանալու համար, որ այս երկու ամիսների ընթացքում Դիաննա Գասպարյանը համայնքի ավագանու նիստեր է արել, մեկ անգամ հանդիպել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, ընդ որում, ինչպես երևում է՝ անարդյունք, քաղաքի տոնին լավագույն մաղթանք գրողներին խորհրդանշական նվերներ է հանձնել, գրական հանդիպում է անցկացրել, և թերևս ամենաուրախալի և առարկայական լուրը Էջմիածինցիների համար՝ համայնքը ճանաչվել է 2018-ի մաքուր համայնք: Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի խոսք քաղաքի զարգացման կամ ներդրումային ծրագրերի մասին: Փոխարենը քաղաքապետը շատ ակտիվ է ֆեյսբուքյան տիրույթում, օրեր առաջ հրապարակած իր գրառման մեջ նա կոչ էր արել տարբերվել բոլորից, չքննադատել ՀՀԿ-ին, մնալ ադեկվատ և գնալ գործ անել: Հուսանք քաղաքապետը լավ խորհուրդները ոչ միայն շռայլում է, այլև ինքն է հետևում դրանց:
Վիճակը էլ ավելի զավեշտալի է Արմավիրի դեպքում: Պարզվում է քաղաքապետարանը այն աստիճան է պարապուրդի մատնվել, որ հանրությանը մինչ օրս տեսարաններից բացի այլ բան չունի առաջարկելու: Բանն այն է, որ քաղաքապետարանի կայքում արմավիրցիներին առաջարկում են մշակույթի տանը դիտել Հարթ Դևիսի «Առյուծը» ֆիլմը՝ հայերեն կրկնօրինակմամբ: Քաղաքապետարանը որոշել է տեսարաններով ապահովել նաև քաղաքի մանուկների կյանքը՝ նույն մշակույթի տանը կազմակերպելով մուլտֆիլմերի դիտում: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կառաջարկեն սեփական քաղաքի բնակիչներին նորընտիր կառավարիչները, երբ վերջիններս կշտանան տեսարաններից և պահանջեն քաղաքի ենթակառուցվածքների զարգացում:
Առանց խորքային վերլուծության էլ պարզ է, որ Նոր Հայաստանի նոր քաղաքապետերը դեռևս չեն արել իրենց քայլը, չեն արել որևէ գործնական քայլ, որից էականորեն կբարելավվեր քաղաքի բնակիչների կյանքի որակը, չեն մշակել ոչ մի ծրագիր, չեն բերել ոչ մի լումա ներդրում՝ ապահովելու համայնքային ծրագրերի իրականացումը, նոր մուտքեր բյուջե չեն ապահովել: Հետևաբար տրամաբանական հարց է առաջանում՝ նախորդները վա՞տ էին պարապուրդի մատնված…