«Հրազդան» մարզադաշտը վերանորոգելու վերաբերյալ քննարկում է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի և մարզադաշտի սեփականատիրոջ միջև։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը։
- Պարո՛ն Աղաբաբյան, ի՞նչ քննարկում է եղել Ձեր և Արթուր Վանեցյանի միջև։ Ի վերջո, ի՞նչ համաձայնության եք եկել։
- Ինձ զանգահարեցին, հրավիրեցին ՀՖՖ, որտեղ էլ տեղի ունեցավ իմ և ՀՖՖ նախագահի հանդիպումը: Հաջորդ հանդիպումը պետք է լինի «Հրազդան» մարզադաշտում։ Ճիշտ է, քննարկումը եղել է, բայց խոսակցությունն անավարտ է մնացել, քանի որ նա պետք է այցելի մարզադաշտ։ Դեռևս հայտնի չէ՝ երբ է նախատեսվում նրա այցը, քանի որ Վանեցյանը նաև ԱԱԾ տնօրենն է, ուստի՝ զբաղվածությանը ըմբռնումով պետք է մոտենալ։ Սակայն, այն, որ պայմանավորվածություն կա ու մարզադաշտը պետք է վերականգնվի՝ փաստ է։
Նախատեսվում է նաև պահուստային դաշտում մանկապատանեկան ֆուտբոլի օջախ, դպրոց կառուցել, բայց դա կախված է ներդրողից։
- Հայտնի՞ է ներդրողի անունը։
- Ներդրողը արտասահմանից է, ազգությամբ էլ հայ չէ։ Երբ նա օֆիցիալ նամակ ուղարկի, որ համագործակցելու ենք, այդ ժամանակ կհրապարակենք անունը։
- Պարո՛ն Աղաբաբյան, ի՞նչ կարծիքի եք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Փաստորեն, «Իմ քայլը» բացարձակ հաղթանակ տարավ, իսկ ՀՀԿ-ն առաջին անգամ չանցավ խորհրդարան։
- Պետք է ասեմ, որ լինելով հանրապետական, չեմ մասնակցել ընտրություններին։ Իմ կողմից ճիշտ չէր լինի մասնակցել, բայց ձայն չտալ Հանրապետականին։ Ճիշտ է, կողմնակից եմ Փաշինյանի քաղաքականությանը, բայց լինելով հանրապետական՝ իրավունքն չունեի որևիցե այլ կուսակցության ձայն տալու, եթե իմ նախկին կուսակցությանը ձայն չէի տալու։
- Ըստ Ձեզ, ինչո՞վ էր պայմանավորված Հանրապետական կուսակցության պարտությունը։
- Ես իմ ելույթներում բազմիցս հանրապետականներին հուշել եմ, որ սերնդափոխություն է անհրաժեշտ։ Սրանից երկու ամիս առաջ էլ ասացի՝ եթե մնան հին, կոփված կոռուպցիոներները՝ չեք անցնելու, սակայն իրենք անգամ չփորձեցին ՀՀԿ ցուցակը փոխել։ Քաղաքականությունն այնպիսի բան է, որ եթե կուսակցությունը հեղինակազրկվում է, պետք է փորձի ինքն իրեն փոխել, ինչը չարեց Հանրապետականը և մնաց «կոտրած տաշտակի առաջ»: Ափսոսում եմ, որ հանրապետականների մոտ այդպես էլ այդ սերնդափոխությունը չեղավ, այսինքն՝ մնաց հեղինակազրկված Հանրապետականը, որի հիմքերը շատ հեղինակավոր էին, բայց Սերժ Սարգսյանի օրոք դատարկություն առաջացավ։
- Ինչպիսի՞ն կլինի 7-րդ գումարման Ազգային ժողովը։
- Հանրապետականի մասին երևի առաջիկա 10 տարին չարժե խոսել, եթե հին նավասարդյանականները չգան՝ կուսակցությունը չթարմացնեն։ Այն գաղափարները, որ միշտ ունեցել ենք ու չենք կարողացել անել, Նիկոլ Փաշինյանն արեց։
Իսկ ԱԺ անցած ուժերից, կարծում եմ՝ պատվավոր ընդդիմություն կառաջանա։ Կուզենայի, որ այդ ընդդիմությունը անողոք լինի այն սխալների դեմ, որոնք կարող են հետագայում ստեղծվել: Թեպետ, չեմ կարծում, որ կոպիտ սխալներ կլինեն։ Այսօրվա կառավարիչները երիտասարդ են, փորձ չունեն, բայց ոչինչ, կսովորեն, ի՞նչ է եղել։
Հիշեցնենք՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը 2017թ․ կայացած խորհրդարանական ընտրություններում չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում, ինչի արդյունքում չզբաղեցրեց նաև պատգամավորական աթոռ, թեպետ 2003 թվականից՝ խորհրդարանական բոլոր ընտրություններն անցնելով, տեղ էր գրավել խորհրդարանում:
Սոնա Հարությունյան