Երևանի ավագանու «Լույս»  խմբակցությունը արձանագրում է, որ Երևանի՝ 2019 թվականի բյուջեն հետընթաց է նույնիսկ 2018 թ. Երևանի բյուջեի համեմատ, որը այդքան քննադատեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը և մի շարք հիմնավորումներով դեմ քվեարկեց վերջինիս: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Լույս» դաշինքը։

Նշենք, որ նոյեմբերի 14-ին Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկմանն է ներկայացրել Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագիծը:

«Այսպիսով բյուջեի նախագծում նախորդ տարվա բյուջեի համեմատ իրականացվել են այն փոփոխությունները, որոնց նկատմամբ հրավիրում ենք ձեր ուշադրությունը.

Պարգեւատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների բյուջեն նախորդ տարվա 758,5 մլն-ից աճել է մինչև 1 մլրդ 991,4 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 1 մլրդ 232,9 մլն դրամով:

Արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի բյուջեն նախորդ տարվա 62,7 մլն դրամից աճել է մինչև 112,7 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է 50 մլն դրամով:

Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 9,2 մլն դրամից աճել է մինչև 169,1 մլն: Ծախսային այս հոդվածը ավելացվել է շուրջ 160 մլն դրամով:

Այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետևյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները:

Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչեւ 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով:

Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108,7 մլն-ից նվազել է մինչեւ 30,7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով:

 

Կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլն-ից նվազել է մինչեւ 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով:

Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով:

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28,8 մլն-ից նվազել է մինչև 2 մլրդ 857,5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով:

Աշխատակազմի վրա ծախսվող գումարների ավելացումը պետք է տեղի ունենար օպտիմալացման արդյունքում և ոչ թե հարկատուների կողմից վճարվող գումարներից՝ թվաբանական ավելացմամբ:

Իհարկե, բազմաթիվ կարևոր ծախսային հոդվածներ, որոնք մշտապես պահանջել են մեծ միջոցներ, ավելացվել են: Սակայն մենք ներկայացնում ենք քաղաքային տնտեսության այն կարևորագույն բաղադրիչները (տրանսպորտ, վերելակներ, կանաչապատում, փողոցների լուսավորություն, բազմաբնակարան շենքերի պահպանում) որոնցից բխում է քաղաքի զարգացումը եւ անվտանգության պահպանումը և որոնց ծախսերի կրճատումը անհիմն է ու չի կարող կոմպենսացվել ծախսային այլ կարեւոր հոդվածների մեծացմամբ:

Երևանի ավագանու ԼՈւՅՍ խմբակցությունը այս մասով առաջարկություններ քաղաքապետարանին չի ներկայացրել և չի ներկայացնելու, քանզի ակնհայտ է, որ նման փոփոխությունների իրականացումը կարող էր տեղի ունենալ միայն հստակ քաղաքական որոշման կայացման դեպքում: Այսպիսով մենք դիմում ենք Երևանի բնակիչներին և  ավագանու մեր գործընկերներին համատեղ ջանքերով փոփոխելու այս վերաբաշխումները», – ասված է հայտարարությունում: