Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում որոշվեց 2018 թվականի բյուջեում փոփոխություններ իրականացնել. Մասնավորապես, բյուջեի ծախսային և եկամտային մասը նվազեցվեց 1 մլն 440,780 դրամով:
Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը
«Փոփոխությունը պայմանավորված է կառավարության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների շրջանակում իրականացվող գործառույթների գծով որոշակի ծախսային հոդվածների նվազեցմամբ։ Հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերի վերանայումներին»,-ասաց փոխքաղաքապետը։
Այս փոփոխության հետ կապված՝ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանն ասաց, որ չկան հիմնավորումներ, թե ինչու են կրճատվել որոշ վարկային միջոցներ, ինչու են կրճատվել դրամաշնորհներ, ինչու չի կատարվել բյուջեն այս մասով:
Հարցին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը ասաց․ «Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման մասին է կամ ծրագրերի չկատարման, այլ ծրագրերը, որոնք մնացել են ազատ՝ մնացորդներ տարվա վերջի դրությամբ, կառավարությունը որոշել է, որ այդ գումարները վերադարձվեն իրենց ծագման աղբյուրին: Այդ ծրագրերը վերաբերում են շինարարության, տրանսպորտի ոլորտներին և այլն»:
Ավագանու մեկ այլ նմանատիպ որոշմամբ քաղաքի բյուջեն կրճատվեց 510 մլն դրամի չափով. «Դրանից 290 մլն դրամը Երևանի մետրոպոլիտենում Ասիական բանկի կողմից իրականացվող վերակառուցման ծրագրի երկրորդ տրանշի գումարն էր, որը կրճատվում է: 219 մլն դրամի չափով կառավարության կողմից ԿԳՆ-ի կրթական ծրագրերով վերաբաշխումներն են»,-ասաց Հայկ Սարգսյանը: