Երևանի մի շարք հատվածներում քաղաքացիները վերջին շրջանում տեսնում են հոգեվարքի մեջ ընկած կամ արդեն սատկած թռչունների, ինչն անհանգստության առիթ է դարձել:
Մի քանի վարկած է առաջ քաշվում, այն, որ հնարավոր է՝ ցրտից եղած լինի, կամ ինչ-որ սննդային թունավորումից: «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ նկարներից դատելով՝ դրանք սև կեռնեխներ են, որոնց անկման պատճառները կարող են լինել մագնիսական դաշտը, կլիմայական փոփոխությունը և վիրուսները, սակայն բացի վիրուսներից, մյուս երկուսը ՀՀ պարագայում չեն կարող իրատեսական լինել:
«Սա շատ վտանգավոր նախադեպ է, չեմ ուզում վախեցնել ոչ ոքի, բայց մասսայական անկումը կարող է թռչնագրիպի հետևանք լինել: Մենք հիմա նամակ ենք պատրաստում, որպեսզի ուղարկենք համապատասխան մարմինների՝ հետազոտություններ կատարելու համար»,-մանրամասնեց Ադամյանը և հավելեց, որ թռչունների հիմնական անկման դեպքերը գրանցվում են Ռուսաստանում՝ սնունդ չհայթայթելու հետևանքով:
Սիլվա Ադամյանը մտահոգություն հայտնեց, որ այս դեպքերը համաճարակի հետևանք կարող են լինել, քանի որ համաճարակային լուրջ իրավիճակ ունենք այսօր երկրում՝ մասնավորապես՝ մայրաքաղաքում, և դրանք հաշվի չառնելով՝ քաղաքը կեղտոտ է պահվում:
Մեր այն հարցին, թե կանխարգելիչ ի՞նչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Սիլվա Ադամյանը պատասխանեց. «Իհա՛րկե ունենք. առաջին հերթին պետք է մաքուր պահենք քաղաքը: Դա առաջինն է, որը չի արվում: Այսօր բնակիչներից բողոքներ և լուսանկարներ ենք ստանում, որ քաղաքի աղբամաններում առնետներ են վխտում, իսկ առնետները ժանտախտի տարածման առաջին աղբյուրն են և ոչ միայն: Սրանց շղթան շարունակում են նաև կատուներն ու շները»:
Հավելենք, որ վերջերս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություննը հայտնել էր, որ Խոզերի աֆրիկական ժանտախտի և թռչնի գրիպի վտանգ կա
Արմինե Միքայելյան