Ազգային շահը պահանջում էր, որ ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ բանաձեւին Հայաստանը առնվազն ձեռնպահ լինել կամ չքվեարկել: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է.
«2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների առաջարկած բանաձեւի նախագիծը՝ Ղրիմում, Սեւաստոպոլում, Սեւ եւ Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին:
Բանաձեւում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից եւ դադարեցնել ուկրաինական տարածքների օկուպացիան:
Բանաձեւի նախագծին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19, ձեռնպահ՝ 72 պետություն:
Հայաստանը, տարօրինակ կերպով հավատարիմ մնալով նախկին ռեժիմի գաղութային ավանդույթին, դեմ է քվեարկել: Հայաստանի հետ միասին դեմ են քվեարկել, օրինակ՝ Բելառուսը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Բուրունդին, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Ուզբեկստանը:
Մինչդեռ Թավշյա հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ինքնիշխանության ապահովումն էր, այդ թվում՝ արժանապատիվ եւ ազգային շահերին հետամուտ արտաքին քաղաքականություն վարելու միջոցով:
Հայաստանի 1-ին Հանրապետությունը 1920-21 թթ. ենթարկվել է օկուպացիայի, մասնատվել է եւ զրկվել անկախությունից: 1991 թ. նրա տարածքի մի մասի վրա է դեռեւս վերականգնվել պետական անկախությունը, ինչպես նաեւ Արցախի այսօրվա տարածքի մասով՝ հայկական փաստացի իրավազորությունը:Նման պարագայում, ունենալով դեօկուպացիայի կենսական խնդիր, Հայաստանի ազգային շահերին դեմ է կողմ քվեարկել որեւէ օկուպացիայի եւ ըստ էության լեգիտիմացնել այդ երեւույթը:
Եթե տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հակասություն չստեղծելու անհրաժեշտություն կար, Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ, այդ թվում՝ ԵՏՄ եւ ՀԱՊԿ անդամներ Ղազախստանը եւ Ղրղզստանը կամ չքվեարկել, ինչպես, օրինակ, վարվել է Ադրբեջանը:
Հուսով ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի, թե ինչու այս քվեարկությունը կատարվեց նախկին գաղութային հանցավոր ռեժիմի ժամանակների իներցիայով եւ, ըստ այդմ՝ կանի կազմակերպչական եւ արտաքին քաղաքական անհրաժեշտ հետեւություններ: