Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գյումրի քաղաքում, Սայաթ-Նովա 4 հասցեի մոտ բարձրացել է եղևնու ծառի վրա և սպառնում է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Այս պահին ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։ Այս պահին քաղաքացու հետ բանակցություններ են վարում փրկարարները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողներն ու պարեկները։

Քաղաքացին ոչ միայն սպառնում է ինքնասպանություն գործել, այլ պահանջում է նաև, որպեսզի դեպքի վայր ժամանի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 34-ամյա Արսեն Արշակյանն է։