«Կան մի շարք անբարեխիղճ հարկատուներ, որոնք կուտակած 500,000 և ավելի հարկերի հետ մեկտեղ՝ ունեն շքեղ մեքենաներ, բայց իրենց գույքահարկն այլ տեղ են տանում, երկրից գնում-գալիս են ու վճարումներ չեն կատարում։ Չվճարողների մեծ մասը ֆինանսապես լավ վիճակում է գտնվում․ նրանք պարզապես չեն ուզում հարկեր վճարել»,- անդրադառալով մամուլի հրապարակումներին, թե համայնքապետերին անհանգստացրել է Լոռու մարզպետի որոշումը գյուղացիներին «դատի տալու» վերաբերյալ, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մեկնաբանեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և հավելեց, որ հրահանգել է 200,000 դրամ չվճարված հարկ ունեցող քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության։
Ղուկասյանը վստահեցնում է՝ թոշակով ապրող և վատ վիճակում գտնվող քաղաքացիներն ավելի պարտաճանաչ կերպով են կատարում վճարումները, քան ֆինանսապես քիչ թե շատ ապահովվածները։ Մեր այն դիտարկմանը, որ քաղաքացիները նշում են, թե հույս ունեին, որ նոր կառավարությունը կզրոյացնի իրենց հարկերը, իսկ համայնքապետերն էլ չեն ուզում «վատամարդ» դուրս գալ, Ղուկասյանը նկատեց․ «Դե հույսով թող ապրեն, ինչ ասեմ։ Դրանք տարիներով չվճարված հարկեր են, մի օրում չեն եղել։ Իսկ եթե համայնքապետերն էլ նման դիրքորոշում են որդեգրել, իրենց գործն է, բայց ոնց կարգն է՝ պետք է օրենքով շարժվեն»։
Անդրեյ Ղուկասյանը նշեց նաև, որ չի մտածում իր այս որոշումից հետո հնարավոր դժգոհության ալիքների ձևավորման մասին․ «Ես օրենքով եմ առաջնորդվում, և բոլորն էլ հավասար են օրենքի առջև։ Պարզ է՝ ովքեր պարտքեր ունեն և չեն ուզում վճարել, դժգոհություն են հայտնելու, բայց էլի եմ կրկնում՝ դա իրենց խնդիրն է»։
Արմինե Միքայելյան