ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում այսօր կա հոգեկան առողջության խնդիր ունեցող մոտ 54 հազար մարդ: Նրանք բոլորը բժիշկների հսկողության տակ են, սակայն հիվանդանոց տեղափոխվել ցանկանում են ոչ բոլորը. ոմանք նախընտրում են թաքցնել իրենց առողջական խնդիրը, ոմանք էլ պարզապես սարսափում են հիվանդանոցում ապրելու մտքից: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ Հայաստանի մի շարք հոգեբուժարաններում մնալը լուրջ փորձություն է հիվանդի համար:
Թող ոչ ոք չիմանա, որ նա հիվանդ է
25 ամյա Նելլին (անունը փոխված է) բնակվում է Լոռու գյուղերից մեկում: Դեռ մանուկ հասակում նրա մոտ նկատվել է տարօրինակ վարքագիծ. աղջիկը երբեմն ագրեսիվ է դառնում, իսկ երբեմն՝ շատ անտարբեր: Նրա մոր բնութագրմամբ՝ Նելլին կամ ժամերով լռում էր, ոչ ոքի ուշադրություն չի դարձնում, կամ ուղղակի սկսում էր կոտրել ձեռքն ընկած իրերը: Դստեր հոգեվիճակից անհանգստացած՝ աղջկա հետ գնացել են հիվանդանոց: Մասնագետներն այնտեղ տվել են սարսափելի ախտորոշումը՝ Նելլին հոգեկան խանգարում ունի:
«Ժամանակ առ ժամանակ գնում ենք հոգեբուժարան, նա հետազոտվում է, հատուկ դեղեր է խմում, որի շնորհիվ էլ հիմնականում խաղաղ է: Լինում են դեպքեր, երբ նևրոզը սրվում է, դառնում է անկառավարելի: Ես միայն մի մտքից եմ սարսափում, որ հանկարծ ինքն իրեն վնաս չտա, թե չէ տունը թող հա էլ վնասի»,-ասում է մայրը, ով դստեր հետ մոտ 20 տարի առաջ մշտական բնակություն է հաստատել գյուղում:
«Մենք Սյունիքի մարզում էինք բնակվում, երբ հիվանդությունն ախտորոշվեց, որոշեցինք, որ էս հեռու գյուղում ենք ապրելու, ուզում էինք համեմատաբար քիչ բնակեցված տեղում ապրել: Երբ տեղափոխվեցինք, ամուսինս այդ ժամանակ մեկնեց արտագնա աշխատանքի, որ գումար ուղարկեր բուժման համար, թեպետ ասել էին, որ դա չի բուժվի: Գնաց ու չեկավ: Իրենց հիվանդ աղջիկ պետք չէր»,-հիշում է կինը:
Սյունիքում ընտանիքը հազվադեպ է լինում, բայց հարցազրույցի համար մեզ հրավիրել էին Սյունիք: Այնտեղից մեկնեցինք Լոռի, որտեղ էլ հանդիպեցինք Նելլին:
Նելիի հետ զրուցել, սակայն, չհաջողվեց: Նրա միտքը շաղված էր: Մի անկյունում խաղում էր տիկնիկի հետ: Մայրն ասում է, որ աղջիկն իրեն դեռ 5-6 տարեկան է զգում:
«Երեխաս նեղվում է այս տան պատերից, ուզում է դուրս գալ, խաղալ գյուղի փոքրիկ երեխաների հետ, իսկ ես արգելում եմ. թող չիմանան, որ աղջիկս նման սրված խնդիր ունի: Դա իմ ցավն է: Ես չեմ ուզում դրա մասին բարձր խոսել: Երբ օրը գալիս է, ես նրան տանում եմ հիվանդանոց, բերում տուն ու առանց ինձ երբեք դուրս չեմ թողնում: Միայն իմ ձեռքը բռնած, միայն ինձ հետ»,-ասում է մայրը:
Սանհանգույցը թեպետ նոր ու բարվոք է, սակայն այնտեղ մտնելու համար հիվանդները պետք հերթ կանգնեն: Յուրաքանչյուր հարկում կա երկու զուգարան:
Հոգեբուժարան. այստեղ պետք է շշուկով խոսենք
Գյումրու հոգեկան առողջութայն կենտրոնում այսօր 41 հիվանդ կա: Կենտրոնը երկու մասից է բաղկացած. կանայք և տղամարդիկ նույն հարկում մնալ չեն կարող: Դա որոշել է Առողջապահության նախարարությունը:
Հոգեբուժարանում կան հիվանդներ, ովքեր ավելի քան 10 տարի է՝ այնտեղ են բնակվում: Տարիների ընթացքում հիվանդները մտերմանում են, երբեմն նույնիսկ իրականությունից կտրված՝ հորինում, թե իրենց հարազատների հետ են նույն հարկի տակ ապրում:
«Կամաց, կամաց…. Բարձր մի խոսեք, մեզ մոտ չի կարելի բարձր խոսել, մեր տանը հիվանդ կա, հազիվ գլխացավ անցավ, դեղ է խմել, թող քնի»,-ասում է հիվանդներից մեկը, ում պատկերացմամբ, կողքի մահճակալին պառկած հիվանդը իր հարազատն է, իսկ ինքը՝ խնամակալը:
Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում. ՄԻՊ
Տարեսկզբին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարկեց «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» 112 էջից բաղկացած արտահերթ զեկույցը, որտեղ անդրադարձ կար նաև Գյումրու հոգական առողջության կենտրոնին։ ՄԻՊ-ի մշտադիտարկող փորձագետները կենտրոնում արձանագրել էին մի շարք խախտումներ, ըստ որի կենտրոնը գերբնակեցված էր, լոգանքը 10 օրը մեկ էր կազմակերպվում, ճաշասենյակներում սեղանների և աթոռների քանակի անբավարարություն կար, տաքսաֆոններ կամ հեռախոսներ չկային, ժամկետանց դեղորայք կար: Կենտրոնի տնօրեն Նադյա Վարդանյանը նշված խնդիրներից մի քանիսի հետ համակարծիք է: Օրինակ, ընդունում է, որ այն ժամանակ շենքը գերբնակեցված է եղել, ավելի քան 55 հիվանդ են ունեցել, իսկ այդ քանակի հիվանդ շենքը ընդունել չի կարող: Սակայն չի ընդունում փաստը, որ ճաշասենյակում չունեն համապատասխան գույք: Զեկույցում նաև անդրադարձ կար առ այն, որ հիվանդանոցում ժամկետանց դեղ է հայտնաբերվել: Բժշկուհու խոսքով, սակայն, իրենց այնքան փոքր բյուջե ունեն, որ ունեցած դեղը չի կարող մնալ և հնանալ:
«Մենք զսպաշապիկ չենք օգտագործում. եթե մասնագիտորեն գտնում ենք, որ հիվանդն անկառավարելի է, փորձում ենք դեղորայքային հանդարտեցման մեթոդներ կիրառել։ Իսկ ծեծելու մասին խոսք անգամ չի գնում»,-ասում է բժշկուհին՝ անդրադառնալով ՄԻՊ-ի կողմից ներկայացված այն կետին, որ հանրապետության մի շարք հոգեբուժարաններում հիվանդներին կապում և ծեծում են:
Տեսանյութում ներկայացված կինը 4 տարի առաջ է տեղափոխվել Գյումրի: Մինչ այդ բնակվել է Երևանում գործող Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնում:
Ժամկետանց դեղեր, բռնություն… ՄԻՊ-ը պատմում է հոգեբուժարաններում առկա խնդիրների մասին
2017 թ. Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը՝ այս տարվա մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ նախորդ տարի իրականացրել են մշտադիտարկման այցեր բոլոր հոգեբուժարաններում:
Այցերի արդյունքում պարզվել էր, որ, օրինակ, մի շարք հոգեբուժական կազմակերպություններում օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում ֆիզիկական զսպման նպատակով կիրառվել են բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ:
Պաշտպանի ներկայացրած արտահերթ 2018թ–ի զեկույցի համաձայն, Արմաշի առողջության կենտրոնում, Ավանի և Նուբարաշենի հոգեբուժարաններում որպես զսպման միջոց կիրառում էին ռետինե լարանները, Վարդենիսի հոգեբուժարանում` սավանի կտորներից պատրաստված կապանքներ, իսկ Սյունիքի, Լոռու բուժհաստատություններում` սինթետիկ գործվածքների կտորներից պատրաստված գոտիներ։
Ընդ որում, բուժհիմնարկների մեծ մասում չկան զսպման մեթոդների կիրառման համար առանձին սենյակներ։ Ամեն ինչ կատարվում է մնացածների աչքի առաջ։
Նույն զեկույցի համաձայն՝ Նուբարաշենի, Գյումրիի, Լոռու, Նուբարաշենի, Վարդենիսի հոգեբուժարաններում ժամկետանց դեղեր էին հայտնաբերվել հիվանդանոցի դեղատանը, բաժանմունքներում, միջամտությունների սենյակներում։ Զեկույցում նշվում է, որ դրանք նույնիսկ պատշաճ հաշվառված չեն եղել գրանցամատյաններում։ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք առանձին դեպքերում հնարավորություն են ունեցել մոտակայքում գտնվող դեղատերից դեղեր ձեռք բերել՝ առանց վերահսկվելու:
Ըստ մարդու իրավունքերի պաշտպանի՝ մի շարք հիվանդանոցենորւմ երբեմն հագուստը լվացվելուց հետո չի անհատականացվել և բաժանվել է պատահականության սկզբունքով, կենցաղային պայմանների, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ էլ կան:
Զեկույցի համաձայն, ամենամեծ խախտումներն արձանագրվել էին Նուբարաշեն հոգեբուժարանում:
Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում պատրաստվում են դիմավորել 2019 թվականը: Հիվանդները նշում են, որ դա իրենց ամենասիրելի տոնն է:
Խնդիրը կարգավորման փուլում է
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հոգեբուժարաններին առնչվող՝ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։
Մասնավորապես, հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև, մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական մարմինների հետ համագործակցությանը և այլն, մի շարք հոգեբուժական կազմակերպություններում կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մահճակալներ, կենցաղային ապրանքներ, կահույք, սպիտակեղեն, ֆիզիկական զսպման միջոցներ, հիգիենիկ և այլ անհրաժեշտ պարագաներ։