ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի նշանակումը Նիկոլ Փաշինյանի խորհրդական՝ բուռն արձագանք է գտել հասարակության շրջանում, մասնավորապես, Կարապետյանին է վերագրվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները, որոնց պատճառով հայկական կողմն ունեցավ մեծաքանակ զոհեր: Դրանից հետո Կարապետյանը պաշտոնանկ արվեց և ուղարկվեց կադրերի տրամադրության տակ։ 

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը վարչապետի պաշտոնակատարի այս նշանակումը բացասական է որակում. «Երբ Կարապետյանին պաշտոնից ազատելուց հետո նշանակեցին ռազմական կցորդ, շատ խիստ քննադատության ալիք բարձրացավ նախկին իշխանությունների հասցեին, ընդ որում՝ քննադատողների շարքերում էին  նաև Նիկոլ Փաշինյանի մերձավորները՝ Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը և այլն: Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այդ պաշտոնյան իր  խնդիրները չի կատարել, ո՞րն է պատճառն իրեն խրախուսելու: Ըստ էության, այսօր վարչապետի խորհրդականները բավականին լուրջ  իշխանություն ունեցող մարդիկ են, և եթե այդ մարդն անմեղ է, զրպարտության զոհ է, ուրեմն բացատրեք դա, բայց նման բացատրություն չկա էլ»,- ասաց Կարապետյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ նախկին իշխանությունները ինչ-որ սխալներ արած պաշտոնյաների նկատմամբ բավականին մեղմ են եղել, և խիստ պատիժներ շատ հազվադեպ են կիրառվել նրանց նկատմամբ, որի համար էլ շատ էին քննադատվում. «Ես կասեի՝ նրանք արդարացի էին քննադատվում: Մյուս կողմից՝ ունենք խնդիր. լավ, պրոֆեսիոնալ զինվորականների կերպարը, իմիջը շատ հաճախ մեդիա դաշտում խիստ բացասական  է դիտարկվում, որի պատճառներից մեկը կարող է լինել նրանց՝ ինքագովազդով չզբաղվելը: Այսինքն, պետք է հասկանանք, որ հասարակական պատկերացումները զինվորականների մասին՝ իրականությանը միշտ չէ, որ համապատասխանում են, սակայն կոնկրետ Կարապետյանի դեպքում՝ ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, հասարակական քննադատությունն արադարացի էր»:

Փաստացի, Արշակ Կարապետյանը, լինելով Քառօրյա պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, չի հասցրել հակառակորդի գործողությունների հետևից: Վրթանեսյանի կարծիքով, այդ գործողությունը բացատրվում է միայն մեկ տրամաբանությամբ. «Նիկոլ Փաշինյանը փորձում է լծակներ ձեռք բերել զինվորականության վրա ինչ-որ ճնշումներ գործադրելու, իր անձնական իշխանությունն ամրապնդելու համար: Այլ տրամաբանական բացատրություն ես չեմ կարողանում գտնել: Գուցե կա՝ ես չգիտեմ: Տրամաբանական կառույց է ստացվում, երբ դիտարկում ենք նաև Լևոն Մնացականյանի՝ աշխատանքից ազատումը»,-ասաց փորձագետը և հավելեց, որ պետք է հանրությանն ընդունելի բացատրություն տա:

«Այս պահին կառավարության քարոզիչները լծվել են անհասկանալի քարոզարշավի, ասելով, թե ի՞նչ գիտեք այդ մարդու մասին: Հետևաբար, կոնկրետ փաստեր ցույց տվեք՝ պարզ լինի՝ որն է այս ամենի տրամաբանությունը»,- ամփոփելով, ասաց Վրթանեսյանը: