«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լյովա Մնացականյանի (Ռիժի Լյով) պաշտոնանկությունը դեռ շարունակում են քննարկել Արցախում եւ Հայաստանում։ Հիշեցնենք, որ հիմնական պատճառը համարվում է Արցախի բանակի զինվորականների կողմից Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության արձագանքը, ինչը Նիկոլ Փաշինյանին դուր չեկավ եւ նա բաց տեքստով զգուշացրեց Բակո Սահակյանին՝ սաստել իր ենթականերին եւ չխառնվել Հայաստանի ներքին գործերին։
Սակայն այս օրերին մեզ լուրեր են հասնում Արցախից, որ որոշ շրջանակներ համարում են, որ պաշտոնանկության իրական պատճառը բոլորովին էլ այդ արձագանքները չէին եւ Սասունին պատասխանելը չէր։ Մեզ ասացին, որ Հայաստանում կարծում, են, թե Լյովա Մնացականյանն այս ընտրություններում աջակցել է Հանրապետական կուսակցությանը, մասնավորապես՝ բանակի այն հատվածը, որը քվեարկել է՝ որպես ՀՀ քաղաքացի։
Այսինքն՝ զինվորներին հրահանգել են իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին։ Շատերն, իհարկե, կասկածում են սրան, քանի որ անգամ մեծ ցանկության դեպքում Արցախի ՊԲ հրամանատարը չէր կարող քիչ թե շատ էական դերակատարում ունենալ այս հարցում։ Եթե անգամ ինչ որ շրջանակներ նման հրահանգ ստանային, ապա այս տարի 2017-ի իրավիճակը չէր եւ հրահանգված քվեարկության դեպքում, նախ, դա արագ կիմացվեր, երկրորդն էլ՝ զինծառայողները քիչ հավանական է, որ ենթարկվեին նման հրահանգի։
Արցախում նաեւ խոսում են այն մասին, որ այս պաշտոնանկությունները եւ Փաշինյանի «զայրույթը» մեկ այլ հիմք էլ ունեն՝ ընտրությունների շրջանում, Սասունի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հարթելու համար Ղարաբաղ էր մեկնել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա հանդիպել էր Բակո Սահակյանին, Լյովա Մնացականյանին, Վիտալի Բալասանյանին եւ ուրիշների, հանդիպումներից հաղորդագրություններ եւ լուսանկարներ էլ հրապարակվեցին։
Ստեփանակերտում խոսում են, որ այդ հանդիպումների ժամանակ արցախցիները բառացիորեն պատին են դեմ տվել Արմեն Գրիգորյանին՝ նրան ասել այն ամենը, ինչ չեն կարողացել ասել Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ այդ հանդիպումների ու արցախցիների «հանդգնության» մասին ինֆորմացիան է զայրացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում