«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մարտի 1-ի քրեական գործը լայն թափով սկսվեց քննվել: Դրա շրջանակներում առաջին եւ մինչ օրս միակ աղմկոտ կալանավորվածը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, մի իրադարձություն, որ անկարելի էր պատկերացնել ամիսներ առաջ: Երբ առաջին անգամ Քոչարյանը կալանավորվեց` սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, հասարակական արձագանքը, նույնիսկ կարելի է ասել` ոգեւորությունը, անասելի մեծ էր: Կարծես անարդարության մի պատնեշ ճեղքված լիներ, անպատժելիության մթնոլորտը` հաղթահարված: Իհարկե, միայն նրանով չպետք է սահմանափակվեր գործընթացը: Բայց, երբ Քոչարյանին ազատ արձակեց ՀՀ վերաքննիչ դատարանը, մի տեսակ անհետաքրքիր դարձավ մթնոլորտը: «Բռնոցի-թողոցի», «արդարադատության ծաղր», «սաբոտաժ» եւ այլ ձեւակերպումներով, այսպես ասած, «հետաքրքրությունը կորավ» Քոչարյանի եւ նրա գործի նկատմամբ… Եւ այստեղ հարց է առաջանում` քաղաքական իմաստով ի՞նչ տվեց Ռոբերտ Քոչարյանի երկրորդ անգամ կալանավորումը, բացի մի փոքր խումբ մարդկանց (որոնք, ի դեպ, ամենեւին էլ իշխանության ներկայացուցիչները չեն, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ թիմակիցներ) ուրախություն պարգեւելուց: Պատասխանը թերեւս մեկն է` այլեւս ոչինչ: Ինչ տվել էր նախկինում, բավարար էր: Համենայնդեպս, դրական առումով, ինչպես շարադրեցինք, արդեն չէր էլ կարող որեւէ փոփոխություն լինել: Իսկ բացասական իմաստով, իհարկե, չի ունեցել եւ չի կարող ունենալ այնպիսի հետեւանք, ինչպիսին եղավ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի կալանավորումից հետո (ՀԱԿՊ նախագահի տեղը դեռ թափուր է, ու Բելառուսն ամեն ինչ անում է, որպեսզի խլի մեզանից նախագահության իրավունքը):

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: