Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցնել ժողովրդի կարծիքը: Հայ-չինական դպրոցի բացման հանդիսավոր միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ մտահոգո՞ւմ է իրեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն.

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ հարցին: Ես չեմ որոշումներ կայացնողը, այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է, և կարծում եմ, որ այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին»,- ասաց վարչապետը:

 

Հարցին՝ տարբերակներ տեսնո՞ւմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար իր հրաժարականից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում քվեարկի վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին ընտրելու օգտին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես, անկեղծ ասած,  տարբերակ չեմ տեսնում:  Ես պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝  ավելորդ բարդություններից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:

Անդրադառնալով հարցին, թե այդ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, վարչապետը պատասխանեց, որ հավելյալ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա. «Պարզապես պետք է մարդկանց հետո խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որպեսզի նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Նա հավելեց, որ պատգամավորների հետ հանդիպումներ  և քննարկումներ կունենա, որ որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորները, ներքաղաքական կյանքի բովանդակությունը ճիշտ ընկալեն»,- ասաց նա: