Գալիք տարվա ընթացքում Սիրիայի շուրջ պետք է ակնկալել բավական հետաքրքիր զարգացումների, ինչը գերազանցապես կապված է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետ:
Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է 60-100 օրվա ընթացքում ամբողջությամբ դուրս բերել իր ռազմական կոնտինգենտը (շուրջ 2000 զինվորականներ) Սիրիայից: Ընդ որում, զորքերի դուրսբերման Թրամփի հիմնական պատճառաբանությունը՝ Սիրիայում ԻՊ-ի ոչնչացումը, ոչ միանշանակ է անգամ Թրամփի համար: Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ դուրս է բերում ամերիկյան զորքերը, քանի որ «Միացյալ Նահանգները պարտության է մատնել «Իսլամական պետությանը» Սիրիայում»: Դեկտեմբերի 20-ին, սակայն, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «ԻՊ-ի դեմ, առաջին հերթին, պետք է պայքարեն Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, քանի որ հենց նրանք են հանդիսանում ԻՊ-ի թշնամիները»: Ավելի ուշ՝ դեկտեմբերի 22-ին, Թրամփը հայտարարեց, որ «Սիրիայում ԻՊ-ի մնացորդներով կարող են զբաղվել տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Թուրքիան»:
Նշենք, որ ԱՄՆ ներգրավվածությունը սիրիական հակամարտությունում սկսվել է դեռևս 2011 թվականից՝ տարբեր ընդդիմադիր խմբավորումներին տրամադրվող ռազմական և ֆինանսական աջակցության միջոցով: 2014 թվականից գործում է ԱՄՆ գլխավորած Հակաահաբեկչական կոալիցիան, որի մեջ ներգրավված է 79 անդամ, և որի հայտարարված նպատակն է ԻՊ-ի ոչնչացումը: 2015 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ հատուկ զորքեր ուղարկվեցին Սիրիա:
ԱՄՆ նախագահի որոշումը ոչ միանշանակ ընդունվեց թե՛ երկրի ներսում, թե՛ ողջ աշխարհում: Թրամփի որոշումը քննադատությամբ ընդունվեց ինչպես իշխող հանրապետական, այնպես էլ ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների կողմից: Ավելին, այս որոշումը դարձավ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հրաժարականի պատճառ:
ԱՄՆ-ի արևմտյան հիմնական գործընկերները՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, բացասաբար արձագանքեցին ԱՄՆ-ի որոշմանը: Իսրայելը հայտարարեց, որ կուսումնասիրի ԱՄՆ այս քայլի հետևանքներն իր համար, բայց կարիք չկա չափազանցնել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նշանակությունը: Իսկ Թուրքիան էլ ողջունեց Թրամփի որոշումը՝ հայտարարելով, որ սրա արդյունքում որոշում են կայացրել «հետաձգել Սիրիայում նախատեսվող նոր ռազմական գործողությունները»: Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Թրամփի որոշումը ճիշտ է, բայց Ռուսաստանը դեռևս Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման նախանշաններ չի տեսնում, թեև չի բացառում դրա հավանականությունը:
Ընդ որում, մի շարք քաղաքական և ռազմական գործիչներ շարունակում են պնդել, որ Թրամփը դեռ կարող է ետ կանգնել իր որոշումից:
Ակնհայտ է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը ծանր հարված է լինելու հատկապես Սիրիայի քրդական ուժերի համար: «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կոալիցիան ԱՄՆ-ի այս քայլը «դավաճանություն» է անվանել՝ վստահություն հայտնելով, որ այս քայլն իր բացասական ազդեցությունն է ունենալու ԻՊ-ի դեմ պայքարի վրա: Հատկանշական է նաև, որ սիրիական քրդական միավորները դիվանագիտական և ռազմական օգնության խնդրանքով դիմել են Ֆրանսիային: Դեկտեմբերի 21-ին Փարիզում քրդական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնը «խոստացել է աջակցել նրանց»:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին դեռևս չի նշանակում սիրիական հակամարտության մեջ ամերիկյան ներգրավվածության ավարտ: Նախ, ԱՄՆ-ի գլխավորած Հակաահաբեկչական կոալիցիան շարունակելու է իր գործունեությունը Սիրիայում: Երկրորդ, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումներն իրենց գործունեությունն իրականացնելիս շարունակելու են հենվել ԱՄՆ աջակցության վրա (առնվազն մոտ ապագայում): Եվ երրորդ, Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, որոշ չափով կպահպանի իր աջակցությունն ու կապերը Սիրիայի քրդական միավորների հետ, որոնք ամենամեծ աջակցությունն էին ստանում ԱՄՆ-ից, քանի որ ցանկացած պահի քրդական գործոնը կարող է կիրառվել որպես խաղաքարտ ինչպես Սիրիայի ներսում տեղի ունեցող գործընթացներում, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերություններում խնդրահարույց հարցերի լուծման ժամանակ:
Խոսելով այս որոշման պատճառների մասին՝ կարելի է առանձնացնել առնվազն հետևյալ մի քանի գործոնները: Նախ, Թրամփի այս քայլը պետք է դիտարկել որպես 2020 թվականին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ իրականացվող քարոզչական քայլ: Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոսում էր արտերկրում ԱՄՆ զորքերի քանակը նվազեցնելու իր մտադրության մասին: Հենց այս նույն տրամաբանությունից ելնելով՝ դեկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահը հանձնարարել է Պենտագոնին պատրաստել Աֆղանստանից շուրջ 7 հազար ամերիկյան զինվորականների դուրսբերման ծրագիրը (ներկայումս Աֆղանստանում ԱՄՆ զորքերի թիվը հասնում է 14 հազարի):
Երկրորդ, Միացյալ Նահանգները (կամ ավելի լայն իմաստով Արևմուտքը), ըստ էության, Սիրիայում ռուսական ռազմական ներգրավվածության արդյունքում չկարողացավ հասնել իր նախանշած հիմնական նպատակի իրագործմանը (նախագահ Բաշար Ասադի վարչակազմի տապալում և Արևմուտքի համար առավել ցանկալի ուժերի հաստատում իշխանությանը): Ավելին, տապալվեց նաև սիրիական հակամարտության կարգավորման արևմտյան տարբերակը (Ժնևի ձևաչափը): Հետևաբար, այս փուլում Միացյալ Նահանգների համար առավել շահավետ է նախապատվությունը տալ Սիրիայում անուղղակի ներգրավվածությանը:
Երրորդ, գրեթե կասկած չկա, որ Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Թուրքիա-ԱՄՆ ավելի լայն պայմանավորվածության մաս է հանդիսանում: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային զենիթահրթիռային Patriot համակարգերի վաճառքի 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքի որոշումը, ավելի վաղ Թուրքիան ազատ է արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները G20 գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Ինչ վերաբերվում է Թրամփի որոշման հնարավոր հետևանքներին, ապա կարելի է ենթադրել, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր փոխըմբռնումը նշանակում են, որ առաջիկայում Թուրքիայի դերակատարումը մերձավորարևելյան տարածաշրջանում զգալիորեն աճելու է: Մի կողմից, Թուրքիան ավելի ազատ է լինելու Սիրիայում քրդական ուժերի դեմ իր գործողություններում, իսկ մյուս կողմից, մեծանալու է Անկարայի դերակատարումը տարածաշրջանում՝ որպես ԱՄՆ-ի տարածաշրջանային կարևոր գործընկեր: Չի կարելի բացառել, նաև որ Թուրքիայի նման ակտիվացումը կարող է որոշակի հակասություններ առաջացնել Թուրքիա-Ռուսաստան-Իրան ձևաչափում:
Միևնույն ժամանակ, Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը ծանր հետևանքներ կունենա գերազանցապես Սիրիայի քրդական ուժերի համար, որոնք սիրիական հակամարտության այս ողջ տարիներին մեծապես հենվել են ամերիկյան աջակցության վրա: Առաջիկայում կարելի է ակնկալել Սիրիայում քրդական գործոնի ազդեցության նվազում:
Ակնհայտ է նաև, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման արդյունքում զգալիորեն կամրապնդվեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, ինչպես նաև սիրիական հակամարտության կարգավորման գործընթացն (Աստանայի ձևաչափը) այս պահին առաջնորդող երեք ուժերի՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերը երկրում: Հետևաբար, առաջիկայում կարելի է ակնկալել սիրիական ուղղությամբ վերջիններիս կողմից դրսևորվող առավել մեծ ակտիվություն: