2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական – ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:
ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:
Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը: