Գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՔԾ-ի` Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու, սակայն երկիրը լքելու թույլտվություն չտրամադրելու որոշմանը։
Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն:
Եզրակացություն. ՄԻԵԴ-ի ճնշման ներքո՝ ՀՔԾ-ն ստիպված լինելով շտկել է իր մեկ ապօրինի գործողությունը, սակայն միաժամանակ կատարել է մեկ այլ ապօրինություն. առանց որևէ հիմնավորման, կյանքին և առողջությանը սպառնացող ակնհայտ վտանգի առկայության պարագայում Մայրապետյանին զրկել է անհետաձգելի բուժում ստանալու իրավունքից:
Հաշվի առնելով, որ Սամվել Մայրապետյանի գործով զբաղվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, լիահույս ենք, որ այս հարցը ևս կստանա իր արդարացի լուծումը և Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը:
Հիշեցում. գործարար, հ2 հեռուստաընկերության տնօրեն և սեփականատեր Սամվել Մայրապետյանը, դեկտեմբերի 27-ից դատարանի որոշմամբ գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ, առ այսօր շարունակում է մնալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ»,– ասված է տարածված հայտարարության մեջ»։