Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ազատ արձակման դիմաց 50 միլիոն դրամ գրավը հավաքվել է բարեկամների, ընկերների, հարազատների համատեղ ուժերով։ Այդ մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի հայտարարությունը, ըստ որի՝ պատրաստ է պետությանը փոխհատուցել 6 միլիոն դրամ, ուժի մեջ է և, այդ առումով, որևէ բան չի փոխվել։ Իսկ, թե երբ է պատրաստվում փոխհատուցել, փաստաբանը պատասխանեց․ «Դա Ղազարյանից չի կախված, քանի որ քրեական գործ է քննվում։ Գումարների վրա առկա են արգելանքներ, համապատասխան ընթացակարգեր պետք է անցնեն։ Շատ բան կախված է ՀՔԾ-ից, քանի որ նախաքննություննը վարող մարմինն ինքն է։ Հայտարարությունն ուժի մեջ է, մնում է ընթացակարգերն անցնենք և օրենքով սահմանված կարգով գումարները կփոխհատուցվեն»,- նշեց նա։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Փաստաբանի կարծիքով՝ կայացվել է օրինական որոշում, ինչը չի կարելի ասել Վերաքննիչ դատարանի որոշման մասին, քանի որ դեկտեմբերի 28-ին վերաքննիչ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին ազատելու մասին պաշտպանների բողոքը:
«Ղազարյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկար։ Նախաքննության մարմինը որևէ ապացույց, հիմնավորում այդ մասով չի ներկայացրել, որ Ղազարյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ ձևով կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ կատարել այլ հանցանք։ Այդ առումով՝ այս որոշումներն ապօրինի ու անհիմն էին ու պատրաստ ենք բողոքարկել։ Իսկ Առաջին ատյանի դատարանը գնահատեց մեր ներկայացրած հիմնավորումները և բավարարեց գրավի միջնորդությունը օրինական կարգով»,- նշեց պաշտպանը։
Ասաց նաև՝ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, սակայն ստանալուն պես պատրաստվում են բողոքարկել Վճռաբեկ դատարանում։
Հիշեցնենք՝ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ։
Սոնա Հարությունյան