«Հնդիկ երիտասարդները փորձում են իրենց մշակութային առավելություններն օգտագործել, սակայն այստեղ ենթատեքստեր կան, որոնք հասկացել են մի շարք մասնագետներ: Հնդիկները, գալով Հայաստան, ունեն 2-3 հեռանկար՝ կրթվում և դիպլոմ են վերցնում, բիզնես են դնում, հետագայում Հայաստանի միջոցով արտագաղթում են Եվրոպա: Այսինքն, այստեղ կենսագրություն են ձեռք բերում կրթության և բիզնեսի ոլորտում և մեր միջոցով գնում այն երկիր, որտեղ իրենց երկրից չի թույլատրվում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մակարյանի խոսքով՝ հնդիկների նախընտրելի ոլորտները, բիզնես տեսանկյունից, բխում են իրենց մշակույթից՝ ճաշատեսակներ, սրճարաններ, արագ սննդի կետեր, հյուրանոցներ, և քանի որ նրանք քանակապես շատանում են, ստացվում է, որ սեփական կլիենտուրան էլ են ապահովում ու բիզնեսի գործը հեշտանում է: Ըստ Մակարյանի՝ հնդիկների հիմնական զբաղմունքների մեջ են մտնում նաև հուշանվերների վաճառքը, մերսման կենտրոններն ու խնամքի կենտրոնները:
Գործատուների միության նախագահը շեշտեց նաև, որ հնդիկներն այստեղ տուրեր են ստեղծում, որոնց միջոցով կարողանում են խմբեր տեղափոխել և հայաստան բերել իրենց ծանոթներին. «Ասեմ, որ բավական լավ ստացվում է նրանց մոտ այդօրինակ բիզնեսը: Հնդիկների հետ հայերն ավելի հեշտ են մտերմանում, քանի որ մենք հանդուրժող ենք»:
Այն տարածված կարծիքների մասին, թե հնդիկները էժան աշխատուժ են համարվում թե՛ շինարարության, և թե՛ մյուս ոլորտներում, գործատուների հանրապետական միության նախագահը նախ համաձայնեց, այնուհետև շեշտեց. «Չնայած էժան աշխատուժ են, միևնույն ժամանակ, դա շատ հարաբերական է, և այն գործերը, որոնցով հայերը չեն բարեհաճում զբաղվել, նրանք են անում և աշխատասիրության շնորհիվ բավականին գումարներ են վաստակում: Հնդիկներն առաջ են գնում նաև ինքնուրույնության շնորհիվ, նրանք մյուս ազգերի նման իրար չեն խանգարում: Նրանք հիմար չեն ու իրենց գումարը ճիշտ կարողանում են ծախսել և սկսում են շուկայում տեղ գրավել»:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ