Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ է հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
«Հիմնավորումները հայտնի չեն: Այսօր օրվա ավարտին որոշումները կհանձնեն կողմերին, որից հետո կկարողանանք գնահատական տալ»,- ասաց Օրբելյանը:
Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: